Բաքվի դատարանում այսօր Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել | Region

Բաքվի դատարանում այսօր Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել

Ապրիլ 15,2025 22:11

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարությունը։

Ադրբեջանական Azertag-ի փոխանցմամբ՝ դատարանում ցուցմունք են տվել «տուժողները»։

Նրանք՝ տասից ավելի այսպես կոչված տուժածնեը, դատարանում հայտարարել են, թե «վիրավորվել են հայկական բանակի ապօրինի սադրանքների և տարբեր ուղղություններով հայկական բանակի սադրանքների ժամանակ»։

Նրանք պատմել են ինչ-որ դրվագներ ռազմական գործողություններից, մեկն իր ցուցմունքում նշել է, թե «վիրավորվել է շտապօգնության մեքենայով զինծառայողի տեղափոխման ժամանակ»։ Նա ասել է, իբր թե «շտապօգնության մեքենան խոցվել է հակատանկային զենքից, թեև դրա վրա կարմիր կիսալուսին է եղել, և այն տեսանելի է եղել հեռվից»։

Ցուցմունք տվողներից յուրաքանչյուրը պատմել է, թե ով որտեղ ու ինչ հանգամանքներում է վիրավորվել։ Մեկն էլ նշել է, թե վիրավորում է ստացել Աղդամում՝ դիպուկահարի կրակոցից։

Նրանք հիմնականում նշել են, թե վիրավորվել են «հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից տարբեր ուղղություններով սադրանքների ժամանակ»։

Տուժողները դատարանին խնդրել են ամենախիստ պատիժը կիրառել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված է մեղադրանք ծանր հանցագործությունների հոդվածներով՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում և այլն։

 

Նորություններ