«4 տարի է՝ խանգարում եք, մանիպուլացնում եք»․ Բաբկեն Թունյանն ընդդիմադիրներին մեղադրեց, որ նրանք ուզում են լարվածություն ստեղծել եկամուտների հայտարարագրման շուրջ

«Այն օրը, երբ հայտարարագիր լրացնող որևէ ֆիզիկական անձ 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, (եթե դեռ պատգամավոր լինեմ, եթե չլինեմ՝ այլ ամբիոնից) հրապարակային ներողություն խնդրել ձեզնից: Բայց եթե նման բան չլինի, նույնը ակնկալում եմ ձեր կողմից»,-այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հայտարարությանը, թե հաջորդ տարվանից քրեական հետապնդումների են ենթարկվելու այն քաղաքացիները, ովքեր հայտարարագիր չեն լրացնի կամ կեղծ տվյալներ կլրացնեն:
Թունյանը նշեց՝ եկամուտների հայտարարագրման համակարգը գործում է աշխարհի 145 երկրներում, և ՀՀ կառավարությունը ինքնանպատակ չի կիրառում այս համակարգը՝ քաղաքացիներին պատժելու համար:
Դիմելով կրկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, ասաց․«Օրինակ՝ դուք, պարոն Ավետիսյան, որպես ՀՀ քաղաքացի, որպես ֆիզիկական անձ, որ հայտարարագիր եք լրացնում, ձեզ ի՞նչ վնաս կարող է լինել՝ դժվարանում եք, չարչարվում եք, ձեր վրա լրացուցիչ հարկ է առաջանում»: Պատասխանելով դահլիճից եկած այն արձագանքներին, որ հայտարարագրումը անիմաստ գործ է, Թունյանը շարունակեց.«Դուք այստեղ 4 տարի անիմաստ գործով եք զբաղվում, ոչ մի օգուտ չեք տվել 4 տարվա ընթացքում: Ձեր կողմից շատ հարգված Միքայել Աջապահյանը մի քանի օր առաջ խորհուրդ էր տալիս, ասում էր՝ ընդդիմության գործը խանգարելը չի, այլընտրանք առաջարկելն է: 4 տարի է՝ խանգարում եք, մանիպուլացնում եք, ինչ անում ենք, հակառակ կողմից եք ներկայացնում: Իսկ քաղաքացիներին հետ վերադարձվող գումարները մենք որպես բոնուս չենք տալիս: Սա պետական աջակցություն է, սա մարդկային կապիտալի զարգացմանը խթանող ուղղությունների ֆինանսավորում է: Դրա համար էլ ծախսվում է կրթության ու առողջապահության ուղղություններով: Չենք տալիս, ասում՝ գնացեք էդ փողով ձեր համար ալկոհոլային խմիչք առեք, կամ գնացեք էդ փողը ձեր հաճույքի համար օգտագործեք: Սա ընդունված, տարածված մոտեցում է, դուք էնպես եք ներկայացնում ոնց որ պետությունը դրանով կաշառում է: Ո՞նց կարելի է այդպես ներկայացնել»։
Թունյանն ասաց՝ ընդդիմության նպատակը վերոնշյալ համակարգը դեմոնիզացնելն է, արհեստակական լարվածություն տեղծելը․«Համակարգը ներդրվում է առաջին հերթին սեփական քաղաքացիների համար: Հարգելի գործընկերներ, սիրելի համաքաղաքացիներ, դուք չեք շահելու այս համակարգի վերջնաժամկետի ուշացման պարագայում: Հայտարարագիր լրացնելով դուք ոչ միայն լրացուցիչ հարկերի տակ չեք հայտվում, այլև կարող եք լրացուցիչ եկամուտներ ունենալ, ու առհասարակ, պետական համակարգին օգնել ավելի ճիշտ որոշումներ կայացնել, որը հետո նորից ի շահ ձեզ է լինելու»:
Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է հայտարարարգրերին։
Թունյանի ներկայացմամբ՝ հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը՝ մայիսի 1-ը, նախագծով առաջարկում է սահմանել այս տարվա և հաջորդ տարվա համար նոյեմբերի 1-ը․«Այսինքն՝ այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1–ը: Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, վերջնաժամկետը դառնում է հաջորդ տարվա նոյեմբերի 1–ը։ Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1–ը»։
Նա վստահեցրեց, որ այս պահին մոտ 35 հազար մարդ ներկայացրել է հայտարարագիր։ Թունյանի խոսքով՝ այս փոքր թվի պատճառներից մեկն այն է, որ շատերը դեռևս նույնականացման քարտ չունեն, նաև այն, որ մարդիկ արդեն մի քանի ամիս է՝ գիտեն, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1։
Նիկոլ Մարգարյան