Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․Ջահերով երթի ժամանակ այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթն այսօր մեկնարկեց Հանրապետության հրապարակից։
«Սա հիշողության մոմավառություն չէ, այլ պահանջի կրակաերթ է»,- երթից առաջ իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հայատարարեց՝ Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է։
«Մենք եկել ենք վկայելու, բարձրաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը՝ անավարտ, նրա կամքը՝ անսասան հանուն արդարության, հանուն կանխման, ի դեմս ուրացման»,-ասաց Մանուկյանը։
«Երբ Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից, երբ Ադրբեջանը կտրում է Արցախի հայության արմատները, երբ մեր իշխանությունները լռում են՝ ազգային հիշողությունը դիվանագիտության սեղանին ծախելու համար, եւ քանի դեռ աշխարհը լուռ է՝ մենք բարձրաձայնելու ենք: Որովհետև առանց ճշմարտության՝ չկա խաղաղություն։ Առանց պատասխանատվության՝ չկա ապագա։ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն, որպես նախադեպ, որը չի կրկնվի։ Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, դու մեղսակից ես դրան»,-ասաց Մանուկյանը։
Նա նաև նշեց՝ միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի հետ, հստակ ճանաչի դրանով իսկ կանխելով հետագա Ցեղասպանությունները․« Այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա՝ ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ։ Այս իշխանությունն այսօր մոռացության քաղաքականություն է վարում»։
Հանրապետության հրապարակում ջահերով երթի մեկնարկին վառվեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները։