Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դուրս է բերվել նիստերի դահլիճից քննչական գործողությունների շրջանակում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում դատական նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր դուրս է բերվել նիստերի դահլիճից՝ քննչական գործողությունների շրջանակում։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ չի հաղոդում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են իրականացվել այս գործողությունները։ ԲԴԽ-ն ևս չի մանրամասնում դատավորի նկատմամբ այս գործողությունները։ Մինչդեռ, որպեսզի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի, նախ Դատախազությունը պետք է միջնորդություն ներկայացնի ԲԴԽ, միջնորդությունը բավարարվելուց հետո միայն դատավորը կարող է զրկվել անձեռնմխելիությունից։
2024 թվականի հոկտեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ անցած տարի Բարձրագույն դատական խորհուրդը խիստ նկատողություն է հայտարարել։
Արտուշ Գաբրիելյանը հայտնի է ընդդիմադիր գործիչների նկատմամբ իր դատական որոշումներով, նա կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանիև այլոց նկատմամբ։ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի տունը խուզարկելու թույլտվությունը ևս Գաբրիելյանն է տվել: Մամուլը գրում է, որ բերման է ենթարկվել նաեւ նրա օգնականը: