«ՔՊ-ն չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը, այս իրավիճակը հենց դրա հետևանքն է»․ Մարտուն Գրիգորյան | Region

«ՔՊ-ն չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը, այս իրավիճակը հենց դրա հետևանքն է»․ Մարտուն Գրիգորյան

Մայիս 06,2025 14:46

«Մի քանի օր է այս պրոցեսները ընթանում են։ Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Քննարկումներ ենք ունեցել, որոնց ժամանակ Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ՝ աշխատանքի անցնելու վերաբերյալ՝ խնդրելով որպես թիմ ըմբռնումով մոտենալ և նորմալ ընդունել իր քայլը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավագանու անդամ Կարեն Բադալյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Գրիգորյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ անձամբ ինքն է համոզել թիմակցին չգնալ այդ քայլին, քանի որ այս պահին մանդատը վայր դնելը կվնասի ընդհանուր պայքարին, սակայն ի վերջո հարգել ու ընդունել են այդ որոշումը։ Սակայն իրավիճակը փոխվել է այն ժամանակ, երբ քաղաքապետի կողմից արձանագրություն կազմելուց մեկ կամ երկու օր հետո Կարեն Բադալյանը դիմել է «Մեր քաղաքը» խմբակցությունից դուրս գալու և մանդատը հետ ստանալու համար։

«Կարենի հետ լավ հարաբերություններ են եղել, նա մշտապես մեր աջակիցներից է եղել։ Նոր մարդ չէ ինքը մեզ համար: Մարդը խնդրել է, համոզել է մեզ, որ մանդատից հրաժարվի, մենք տվել ենք համաձայնություն, իսկ հիմա սկզբունքորեն կպած մանդատը հետ է ուզում ու խմբակցությունից ուզում է դուրս գալ: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։

Քանի որ մինչ այս պահը հնարավոր չի եղել կապվել ու ստեղծված իրավիճակը քննարկել Կարեն Բադալյանի հետ, իրավիճակի վերաբերյալ Գրիգորյանը ներկայացրեց սեփական եզրակացությունները․

«ՔՊ-ն չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը, այս իրավիճակը հենց դրա հետևանքն է։ Սա կարելի է համարել առաջին քայլը Գյումրիում իշխանությունը զավթելու համար։ Իմ գնահատմամբ՝ սա ավելի շատ «ժամանակի վրա խաղալ է»։ Նրանք դիմել են դատարան, փորձելու են ինչ-որ կասեցում ապահովել և «Մեր քաղաքը» դաշինքին զրկել մեկ մանդատից»։

 

Նիկոլ Մարգարյան

 

 

Նորություններ