Թուրքագետ Նելլի Մինասյան. Քրդական կուսակցության լուծարումը չի նշանակում «քրդական հարցի» լուծում | Region

Թուրքագետ Նելլի Մինասյան. Քրդական կուսակցության լուծարումը չի նշանակում «քրդական հարցի» լուծում

Մայիս 15,2025 21:13

 

Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավարությունը մայիսի 5-ից 7-ը կայացած կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ որոշեց լուծարվել և վերջ դնել իր և թուրքական պետության միջև երկարատև առճակատմանը։

Ըստ հայտարարության՝ կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Համագումարի փաստաթղթում նշվում է, որ PKK-ի պայքարը ոչնչացրել է քուրդ ժողովրդի դեմ ուղղված ժխտման և ոչնչացման քաղաքականությունը և քրդական հարցը հասցրել է այնպիսի փուլի, որտեղ այն կարող է լուծվել ժողովրդավարական միջոցներով։ Սա նշանակում է, որ կառույցի գործունեությունն ավարտված է։ Այսպիսով, կուսակցությունը կարծում է, որ կատարել է իր «պատմական առաքելությունը»։

Նշենք, որ անցյալ աշնանը Թուրքիայի նախագահ Էրդողանը և նրա քաղաքական դաշնակիցը՝ ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, դիմել էին Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ով 1999 թվականից ի վեր ցմահ բանտարկության է դատապարտված Իմրալ կղզում՝ առաջարկելով նրան ազատ արձակել կուսակցության լուծարման դեպքում։ Թուրքական դատարանը սկզբում նրան մահապատժի էր դատապարտել, սակայն հետագայում այն չեղյալ էր հայտարարվել։

REGIONSTV-ին տված հարցազրույցում թուրքագետ Նելլի Մինասյանը մեկնաբանելով Քրդական աշխատավորական կուսակցության ինքնալուծարումն ու Թուրքիայի հետ երկարատև առճակատմանը վերջ դնելու մասին հայտարարությունն, ասաց՝ կուսակցության ինքնալուծարումը կարող է շրջադարձային կետ լինել թուրք-քրդական հարաբերություններում․«Սա քրդական շարժման կողմից էական զիջում է և երկխոսության ու փոխզիջման պատրաստակամության ցուցադրում»։

Թուրքագետի մեկնաբանությամբ՝ այս որոշումը կապված է ներքին և արտաքին գործոնների հետ։ Նրա խոսքով՝ ներքին գործոնների շարքում շատ կարևոր է նշել թուրքական զինված ուժերի ներկայիս լավ վիճակը և այն փաստը, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) այլևս չի կարող կազմակերպել լուրջ բախում և լուրջ պաշտպանություն․«Արտաքին գործոնը կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և Թուրքիայի կողմից Սիրիայում ու Իրաքում քրդական կազմավորումների վրա ակտիվ ճնշման հետ։ Մենք նաև տեսնում ենք, որ ԱՄՆ-ն շատ ոլորտներում չի համագործակցում քրդերի հետ»։

Նա նշեց, որ մարդկային կորուստներով ուղեկցվող հակամարտության սկսվելուց տասնամյակներ անց այս փուլում ՔԱԿ-ն ավարտել է իր պատմական առաքելությունը, և եթե հետագա գործողություններ լինեն, ապա դրանք կլինեն այլ համատեքստում և այլ գործոններով։

Նելլի Մինասյանը կասկածում է, որ կուսակցության լուծարումը իրականում կհանգեցնի «քրդական հարցի» վերջնական լուծմանը։ Ըստ նրա՝ «Քրդական հարցը» խորը պատմական արմատներ ունի և կապված է ոչ միայն Քրդական աշխատավորական կուսակցության գործունեության, այլև Թուրքիայում քրդական բնակչության նկատմամբ երկարատև խտրականության և ճնշման հետ․ «Կուսակցությունը լուծարելու որոշումը չի կարող լուծել քրդական բնակչության բոլոր խնդիրները»։

Մինասյանի խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի թուրքական կառավարության և քրդերի գործողություններից, թուրքական իշխանությունները, հավանաբար, չեն կարողանա իրականացնել այն ժողովրդավարական բարեփոխումները, ինչը պնդում են Օջալանը և նրա կողմնակիցները։

«Ինչ վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումներին, կարելի է ասել, որ Թուրքիայում ժողովրդավարությունը չափազանց սահմանափակ է, և այս պայմաններում նույնիսկ հնարավոր չէ ասել, որ քրդերը կպայքարեն իրենց իրավունքների համար ժողովրդավարական ճանապարհով: Փոխարենը, Անկարան կշարունակի քրդական անջատողականության կոշտ ճնշման իր քաղաքականությունը, ինչը, իր հերթին, կհանգեցնի բռնության նոր բռնկումների և քրդական շարժման արմատականացման: Բայց կարծում եմ, որ կլինեն որոշակի փոխակերպումներ. Օջալանը ազատ կարձակվի, և, ինչպես ասաց Դևլեթ Բահչելին, նա ելույթ կունենա Թուրքիայի մեջլիսում», – հավելեց Նելլի Մինասյանը:

Նա նշեց, թե կոնկրետ ինչ արդյունքների կհանգեցնի PKK-ի լուծարումը Թուրքիայի համար և ինչ հետևանքներ կլինեն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի համար արդյունքները կլինեն արտաքին և ներքին քաղաքական համատեքստերում․«Ներքին քաղաքական համատեքստում սա կապված է քրդական գործոնի հետ, հատկապես ընտրությունների ժամանակ։ Նախագահ Էրդողանի համար քրդերի հետ հաշտեցումը իշխանության մնալու փորձ է իր վերջին ժամկետի ավարտից հետո՝ 2028 թվականին։ Իսկ արտաքին քաղաքականության համատեքստում, կարծում եմ, դա կապված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և այն քայլերի հետ, որոնք Թուրքիան կձեռնարկի սիրիացի քրդերի նկատմամբ։ Քրդական աշխատավորական կուսակցության զինված պայքարի ավարտը թուրքական պետության դեմ անխուսափելիորեն կազդի Սիրիայի և Իրաքի ներքին և արտաքին քաղաքականության վրա, և կարող է ազդել նաև քրդական բնակչություն ունեցող բոլոր երկրների վրա, որոնց առաջնորդները կամ աջակցել են Օջալանին, կամ պայքարել են նրա ազդեցության դեմ»։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ