Վերաքննիչ դատարանը վերացրել է 70-ամյա Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը | Region

Վերաքննիչ դատարանը վերացրել է 70-ամյա Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը

Մայիս 17,2025 17:23

Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանի պաշտպան Վլադիմիր Հայրապետյանը։

«Ղարիբ Բաբայանի գործով քրեական Դատարանի 02․02․2025թ-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարման արդյունքում՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և որպես պարտականություն սահմանելով, դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարելը։ Դատարանի հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով։ Վերաքննիչ քրեական Դատարանի 06․03․2025թ-ի որոշմամբ բավարարվել է նրա բողոքարկումը և հիմնավոր կասկածի բացակայությունը արձանագրելով մերժել է դատախազի հատուկ վերանայման բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման Վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, որի արդյունքում էլ ՀՀ Վճռաբեկ Դատարանի քրեական պալատը 07․05․2025թ-ի որոշմամբ՝ մերժել է Գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այսպիսով վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մնաց օրինական ուժի մեջ», – գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ արցախցի Ղարիբ Բաբայանն էր տարածել Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը։

Նորություններ