«Այնտեղ կա հակամարտության իրական վտանգ։ ԱՄՆ-ն փորձում է կանխել այդ ռիսկը»․ԱՄՆ պետքարտուղար | Region

«Այնտեղ կա հակամարտության իրական վտանգ։ ԱՄՆ-ն փորձում է կանխել այդ ռիսկը»․ԱՄՆ պետքարտուղար

Մայիս 21,2025 23:04

Մենք փորձում ենք կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը։ Այս մասին  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ի պատասխան հանրապետական կոնգրեսմեն Քրիս Սմիթի հարցի, որն Ալիևին անվանել է բռնապետ։

«Այնտեղ կա հակամարտության վերսկսման իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը ներգրավված են այդ հարցում և փորձում են ինչ-որ բան անել և կանխել զինված միջամտությունը», հայտարարել է Մարկո Ռուբիոն։

Հանրապետական կոնգրեսմեն Քրիս Սմիթը հետաքրքրվել է Բաքվի բանտում պահվող հայ գերեվարված անձանց, և իր ձևակերպմամբ՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու ջանքերի մասին։ «Ալիևի՝ հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունից հետո կան շատ քաղբանտարկյալներ ու ռազմագերիներ»,-ասել է կոնգրեսմենը։

Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի կարևոր բաղադրիչ է, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելուն։

«Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելը»,-նշել է պետքարտուղարը։

Նա նաև ասել է․«Մենք ստիպված ենք գործ ունենալ երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն իդեալական մոդել։ Բայց մենք պետք է գործ ունենանք նրանց հետ մեր ազգային շահերից ելնելով։ Մենք պետք է հավասարակշռենք այս ամենը՝ մեր ազգային շահը և դիվանագիտությունը՝ չհանձնվելով ու հնարավորություններ գտնելով շահերն առաջ մղելու համար, ինչպիսիք են մարդու իրավունքները։ Եվ Ադրբեջանը մեզ հնարավորություն է տալիս դա անել այն ավելի լայն համատեքստում, որը մենք փորձում ենք հաստատել այնտեղ»։

Նորություններ