Ֆրանսիան Գորիսում հյուպատոսական գրասենյակ կբացի

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Երևանում այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ առաջիկայուն Ֆրանսիան Գորիսում հյուպատոսական գրասենյակ կբացի։
«Շուտով Սյունիքում՝ Գորիսում «Ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ կոնֆերանսը տեղի կունենա։ Սա շատ կարեւոր համագործակցություն է մեր երկու երկրների միջեւ։ Սա նաեւ քաղաքական ազդանշան է, որ սա տեղի է ունենում Սյունիքում։ Եվ այս առիթով Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գրասենյակ կբացի»,- ասաց Ժան-Նոել Բարոն։
Նա նաև նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի հետ երկարատեւ պարտավորություն է ստանձնում, այսօր մի քանի փաստաթուղթ են ստորագրել, որոնք երկու երկրների ապագա հարաբերությունների խարիսխը կլինեն։ «Ես եկել եմ՝ Հայաստանում ևս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցությունը, որը հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի անխախտ, կայուն և ամբողջական»,-ասաց նա։