«Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու ՀՀ-ին և գործելու հանուն խաղաղության»․ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան | Region

«Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու ՀՀ-ին և գործելու հանուն խաղաղության»․ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հունիս 02,2025 13:27

«Այսօր այստեղ են ընտրված ներկայացուցիչներ ամբողջ Ֆրանսիայից, և ես շատ ուրախ եմ տեսնելու ձեր այսչափ մեծաքանակ մասնակցությունը Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամական այս հանդիպմանը: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի նախագահը՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մշտական է, կայուն և շարունակական»,-այս մասին այսօր Գորիսում կայացած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ընթացում հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոդին:

Նշենք, որ այսօր Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը։

Դավիթ Բերտոլոդին համաժողովում նշեց, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների ամրապնդումը անհնարին կլիներ առանց ՏԻՄ մարմինների և քաղաքացիական հասարակության ամենօրյա ներգրավվածության․« Այժմ մեր պարտքն է ավելի շատ կապեր ստեղծել և համակարգել մեր գործողությունները՝ այդ կապերի ազդեցությունը բազմապատկելու համար: Այս հանդիպումների կարևորագույն նպատակը հենց դա է. դրանք պետք է ծառայեն որպես փորձի փոխանակումների հարթակ ՀՀ ինքնիշխանությանն ու դիմակայունությանը աջակցելու համընդհանուր ձգտումով: Այս համաժողովը հնարավորություն է անդրադառնալու մի շարք առանցքային թեմաների՝ ի նպաստ տարածքային տնտեսական զարգացման, երիտասարդության, տեղական կառավարման, կառավարման ոլորտում կանանց դերի, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված հայ փախստականների կարիքների աջակցությանը»։

Նշենք, որ համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև եղած օրինակելի համագործակցությունը: Երկու երկրների տարբեր պաշտոնյաների ողջույնի խոսքերից հետո մեկնարկեց լիագումար նիստը:

Նիստի ընթացքում անդրադառնալով երկու երկրների հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության նշանակությանը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնավորապես կարևորեց երկու երկրների ունեցած  երկարամյա, կայուն հարաբերությունները, որոնք բազմաթիվ ոլորտներում, կայուն կերպով զարգանում են գրեթե ամեն օր, շարունակելով.«Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում միջկառավարական, միջխորհրդարանական, հասարակական, մշակութային և այլ ոլորտներում կարևորագույն դեր է խաղում նաև ապակենտրոնացված համագործակցությունը, որը սկսվել է մեր Հանրապետության անկախացումից, ծնունդից ի վեր։ Օրեցօր այս համագործակցությունը զարգանում է։ Ապակենտրոնացված համագործակցությունը, չնայած Հայաստանը և Ֆրանսիան ունիտար պետություններ են այսպես կառուցվածքի տեսակետից, բայց այն հնարավոր է դառնում նաև միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման հետ զուգընթաց, երբ որ միջպետական տրադիցիոն հարաբերությունների կողքին ձևավորվում են նաև համայնքների միջև հարաբերությունները, ի լրացումն միջկառավարական հարաբերությունների։ Սա մի նոր ոլորտ է, որտեղ հնարավոր է դառնում նպաստել երկրների տարածքների կայուն զարգացմանը, բերել միջազգային համերաշխություն և նպաստել համագիտական զարգացումներին»:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինը խոսեց ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական նշանակությունից, ասելով, որ մանավանդ այս կարևորագույն փուլում իրենց այստեղ գտնվելը հերթական ապացույցն է այն բանի, որ այս համագործակցությունն ու բարեկամությունը  իրական են, և Ֆրանսիան շարունակում է ՀՀ-ի կողքին մնալ.«Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապը բազմաշետ է՝ սփյուռք, ասոցիացիաներ, ձեռնարկություններ, բայց նաև ցանկություն կա այս բոլոր դերակատարների միջև պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալու ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ: Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ են՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին և գործելու հանուն խաղաղության: Մեր ապակենտրոնացված համագործակցությունը համերաշխության նշանի ներքո է իրականացվում։ Ռազմավարական մոտեցում ունենալը անպայմանորեն չի նշանակում մեծ ծրագրերի մասին մտածել։ Այն պահից սկսած, երբ հաշվի եք առնում երկրի իրավիճակը նրա ռազմավարական կարիքները, չկա փոքր թեմա կամ փոքր ծրագիր»։

Դեսպանը անդրադարձավ նաև Ֆրանսիայի ԱԳՆ–ում Հայաստանի հետ համագործակցությունների համակարգողի պաշտոնի բացմանը: Նրա խոսքով՝ այն փաստը, որ այդ պաշտոնը ոչ մի համարժեք չունի այլ երկրների հետ, հերթական անգամ ապացուցում է հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ