Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է․իսրայելական գիշերվա հարվածներից հետո Իրանը 100-ից ավելի ԱԹՍ-ներ է ուղարկել Իսրայելի տարածք

Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանին և Իրանի այլ քաղաքներին՝ թիրախավորելով միջուկային օբյեկտներ։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուններ են հնչել նաեւ Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր գործարանում։
Զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, այլ ռազմական գործիչներ, ինչպես նաև գիտնականներ։
The Jerusalempost-ի հաղորդմամբ՝ սպանվել է նաև միջուկային գիտնական դոկտոր Ֆերեյդուն Աբբասին կնոջ և երեխայի հետ միասին։
Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը Իրանին հարվածելով իր համար «դառը և ցավոտ» ճակատագիր է կնքել, որը հաստատ կտեսնի։
Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորվել են Իրանի բալիստիկ հրթիռների գործարանները և ռազմական հրամանատարներին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություն» է ձեռնարկել, ԱՄՆ-ն դրան չի մասնակցել։
«Մենք չենք մասնակցել այդ հարվածներին, մեր գլխավոր գերակայությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է»,- ասել է Ռուբիոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախապես տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին։
Թրամփը Fox news-ին ասել է, որ «Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ։ Մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»։
ԱՄՆ նախագահն ասել է, որ հետեւում է ցանկացած հնարավոր հակահարվածի, իսկ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը բարձր զգոնություն է պահպանում։
Թրամփը հայտնել է՝ եթե Իրանն արձագանքի, ապա ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել ինչպես իրեն, այնպես էլ Իսրայելին։
Իրանական կողմը հայտարարել, է, որ Իսլամական Հանրապետության պատասխանը հարձակումներին կլինի շատ կոշտ։ Իսրայելական լրատվամիջոցներն արդեն հայտնում են, որ Իրանն ի պատասխան իսրայելական հարվածների, 100 ավելի ԱԹՍ-ների միոջոցով հակահարված է հասցրել։