G7-ը հայտարարել է՝ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք․ Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել տարհանվել | Region

G7-ը հայտարարել է՝ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք․ Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել տարհանվել

Հունիս 17,2025 10:53

«Մեծ յոթնյակը»՝ G7-ը, հայտարարություն է տարածել, որում շեշտում է՝ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։

«Մեծ յոթնյակը», որի մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և ԱՄՆ-ը, հայտարարությամբ ընդգծել է․«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը։ Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է»։

G7-ի առաջնորդները կոչ են է արել խաղաղության և կայունության պահպանմանը տարածաշրջանում։

Խումբը հույս է հայտնել, որ Իրանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է նպաստել ավելի լայն զինաթափման և լարվածության նվազեցման Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայում հրադադարի հաստատմանը։

Կանադայում G7-ի հանդիպմանը մասնակցող ԱՄՆ նախագահը ընդհատել է իր մասնակցությունը գագաթնաժողովին, նա նախատեսվածից շուտ է լքել այն։ Սպիտակ տունը վստահեցրել է, որ նախագահ Թրամփը վերադառնում է Վաշինգտոն «Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակամարտությունները լուծելու համար»:

G7-ի հայտարարությունց կարճ ժամանակ անց Թրամփը Truth Social սոցիալական ցանցում  գրել է․ «Իրանը պետք է ստորագրած լիներ «այդ համաձայնագիրը»։ Ես նրանց ասել էի՝ ստորագրեք։ Ինչ ափսոս ու ինչ անիմաստ մարդկային կորուստ։ Պարզ ասած՝ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ Միջուկային ԶԵՆՔ։ Ես դա ասել եմ նորից ու նորից։ Բոլորը պետք է անմիջապես տարհանվեն Թեհրանից»։

Թրամփի այս հայտարարությունից հետո Թեհրանում պայթյուններ են եղել։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելում մի քանի անգամ ձայնային ազդանշաններ են հնչել, սակայն դեռևս որևէ էական վնասի մասին չի հաղորդվում: Թրամփը խնդրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարել, չնայած ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ ԱՄՆ-ն չի միանում Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված հարձակմանը:

Իսրայելը ուրբաթ օրը  հարձակվեց Իրանի վրա՝ այն անվանելով կանխարգելիչ հարված՝ Թեհրանին միջուկային զենքի մշակումը կանխելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր չեն  դադարում կողմերի միջև հարվածները։ Իրանցի պաշտոնյաները հայտնել են ավելի քան 220 մահվան մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ զոհվել է 24 քաղաքացիական անձ։

Իրանը հերքում է միջուկային զենքի ստեղծման ձգտումը և հայտարարել է, որ իրավունք ունի մշակել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով, այդ թվում՝ հարստացման, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ։

Նորություններ