Արա Պողոսյան. «Եթե ԱՄՆ-ն որոշի մասնակցել Իրան-Իսրայել պատերազմին, ուժերի հավասարակշռությունը կփոխվի։ Սա պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի ՀՀ-ի համար»

Արդեն մի քանի օր է, ինչ Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հրետակոծություններ են ընթանում։ Իսրայելը գործողությունները սկսել է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու նպատակով, բայց այժմ առաջատար դրդապատճառը դարձել է հրթիռային ներուժի ոչնչացումը, և արդեն ձևավորվում են նոր թիրախներ. հարվածներ են հասցվում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Իսրայելը տպավորիչ գործողություն է իրականացրել առաջին օրը։ Այս կարծիքինի քաղաքահետ Արա Պողոսյանը։ RegionsTV-ի հետ զրույցում նա ասաց, որ Իսրայելը սկզբից մինչև վերջ փորձեց կազմակերպել բլիցկրիգ՝ ցույց տալու համար, թե ով է «առյուծը» Մերձավոր Արևելքում․«Սակայն Իրանի պատասխան հարվածները և Իսրայելի պաշտպանության որոշակի խնդիրները ցույց են տալիս, որ Իսրայելը չի կարող միայնակ դիմակայել իրանական ռազմական մեքենային այնպես, ինչպես նա պատկերացնում էր։ Հետևաբար, Իսրայելն այժմ իր առջև վերջնական նպատակ է դրել՝ Միացյալ Նահանգներին ներքաշել հակամարտության մեջ և Իրանի դեմ ռազմական արշավն ավարտել կոալիցիոն հարձակմամբ, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության Իրանում, ինչին էլ ձգտում է Իսրայելը»։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում շատ լարված է։ Հունիսի 12-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրանական կողմի հետ բանակցությունների վեցերորդ փուլը պետք է տեղի ունենա հունիսի 15-ին, և որ միջուկային համաձայնագրի շուրջ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Բանակցությունները տեղի չեն ունեցել։ Թրամփը Truth սոցիալական ցանցում գրեց. «Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը»։
Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, Արա Պողոսյանը նշեց, որ այստեղ կան երկու հնարավոր սցենարներ, որոնք մշակվել և իրականացվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից ռազմական արշավի հենց սկզբից։
«Այդ սցենարներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն «առավելագույն ճնշման» միջոցով, հոգեբանական պատերազմի միջոցով, փորձում է Իրանին ստիպել համաձայնագիր կնքել։ Եկեք այս սցենարը անվանենք «Լավ ոստիկան, վատ ոստիկան» սցենար։ Երկրորդ սցենարն այն է, որ ԱՄՆ-ն, տեսնելով, որ Իրանը սկսում է թուլանալ և չսպասելով իր դաշնակիցների օգնությանը, ինչը կընդլայներ հակամարտության աշխարհագրությունը, Իսրայելի հետ համատեղ սկսում է ռազմական գործողություններ և, ինչպես Նեթանյահուն է առաջարկում, հասնում է կառավարության տապալմանը և Իրանը վերածում աշխարհիկ պետության»,-ասաց Պողոսյանը։
Իրանի դեմ Թրամփի սպառնալիքների վերաբերյալ էլ Արա Պողոսյանը նշեց՝ Թրամփի վերջին շրջանի հայտարարությունները, եթե կարճ բնութագրվեն, կարելի է ասել՝ «պահպանողական պոպուլիզմ»։
«Այն, ինչ Թրամփը ասաց երեկ և այն, ինչ նա ասում է այսօր, լավագույնս նկարագրեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որն ասաց, որ «Միացյալ Նահանգները թուլացնում է մեր զգոնությունը՝ առաջարկելով բանակցություններ»։ Կարծում եմ, որ Իրանի վրա հարձակումից առաջ Վաշինգտոնն ու Թել Ավիվն արդեն մշակել էին տարբեր սցենարներ և գործում են դրանց համապատասխան»,- ասաց Պողոսյանը։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ պետք չէ թերագնահատել Թրամփի վարչակազմի կողմից ներկայացվող վտանգը։ Պողոսյանի խոսքով՝ հռետորաբանությանը հակառակ, կա Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտության սրման իրական հնարավորություն, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։
Արա Պողոսյանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում սկսվել են ուժերի գլոբալ փոփոխություններ, և թե ինչպես դրանք կավարտվեն, կախված է ԱՄՆ-ի այս պահին դիրքորոշումից․« ԱՄՆ-ն կփորձի Իրանը վերադարձնել հեղափոխության ժամանակներին, երբ Իրանը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից մեկն էր։ Եթե ԱՄՆ-ն որոշի մասնակցել ռազմական գործողություններին, ուժերի հավասարակշռությունը զգալիորեն կփոխվի Իսրայելի և, մի զարմացեք, Թուրքիայի օգտին»։
«Սա իսկապես բարդ և պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի Հայաստանի համար։ Ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետությունը, տարածաշրջանային շահերը, շահերի բանաձևերը և միջպետական հարաբերությունները կփոխվեն։ Այս պահին դժվար է ավելին ասել, քանի որ այլ ցուցանիշներ դեռևս տեսանելի չեն։ Իմ կարծիքով, Իրանի և Իսրայելի միջև պատերազմը կարելի է անվանել հին և նոր աշխարհակարգի բախում»,-ասաց Արա Պողոսյանը։
Ու չնայած Իրանը այլևս չի լինի տարածաշրջանային խաղացողի հավակնորդ, ինչպես մինչ այժմ էր, ըստ քաղաքագետի, առնվազն միջնաժամկետ հեռանկարում այն կկարողանա հավասարակշռել տարածաշրջանում Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտը։
Եզրափակելով՝ քաղաքագետը ընդգծեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման և մշակի ռազմավարություն, որը թույլ կտա պաշտպանել իր ազգային շահերը անկայունության և անորոշության պայմաններում։ Նա նաև կոչ արեց հայ հասարակությանը միասնության և համերաշխության՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։
Զաբելա Ավագյան