«Աբազյանը խոստացել էր մեզ, ասել էր՝ ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա գործից հանեցին, մեր հույսը կտրեցին»․անհետ կորածների ծնողները փակ են պահում Բաղրամյան պողոտան | Region

«Աբազյանը խոստացել էր մեզ, ասել էր՝ ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա գործից հանեցին, մեր հույսը կտրեցին»․անհետ կորածների ծնողները փակ են պահում Բաղրամյան պողոտան

Հունիս 19,2025 14:46

44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն ու հարաատները երկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Նրանք բողոքի այս գործողությունը սկսեցին ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանին ազատելուց հետո։

«Անհետ կորածների վերաբերյալ հումանիտար բանակցությունները կարող են փակուղի մտնել Աբազյանի պաշտոնանկության հետևանքով։ Պատերազմի ավարտից հետո ԱԱԾ տնօրեննն է բանակցել։ Երկար դադարից հետո վերջին շրջանում դրական ազդակներ էինք ստանում ԱԱԾ-ից։ Հիմա մեր մտահագությունն  այն է,  որ հիմնական բանակցողի փոփոխությամբ բանակցությունները փակուղի կմտնեն, ինչը մեր դրությունը կարող է անելանելի դարձնել»,-այս մասին ասաց անհետ կորած տղաներից մեկի հարազատը՝ Տաթև Սողոյանը։

Նրա ներկայացմամբ՝ գործընթացում անընդահատ մարդիկ են փոխվում, որոնք պատճառաբանում են , թե նորից պետք է ծանոթանան գործընթացին, զրոյական կետից սկսեն աշխատանքը, ինչը դանդաղեցնում է առաջընթացը։

«Աբազյանը խոստացել էր մեզ, ասել էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա գործից հանեցին, մեր հույսը կտրեցին։ Տարբերկ առույցների դռներն ենք ջարդել, ոչ մեկ դրական պատասխան չի տվել, ասում էին՝ գնացեք երկու ամսից, երեք ամսից հետո եկեք։  Հինգ տարի է անցել, մեղք չե՞ն մեր էրեխեքը։ Միայն ԱԱԾ-ն գիտի որտեղ են, բայց չեն ասում՝ որտեղ են, թե բա՝ գաղտնիք է։ Բերեք մեր էրեխեքին տվեք մեզ։ Ում համար գնացին պատերազմ։ Անդրանիկ Մակարյանը սպեցիալնի տարավ մտցրեց Զանգելան գրաված տարածք, քիմիկների զորամասի տղեքն էին, իմ տղան էնտեղ էր․․․ հիմա էլ չորս տարի է՝  դատում են։ Բայց եթե չդատվավ, մեր ձեռով կդատվի»,-հուզված պատմեց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Մելիք Մելքոնյանը։

Ծնողներն ասացին, որ իրենց պահանջը ներկայացրել են կառավարությանը՝ Արմեն Աբազյանը պետք է վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում։

Ծնողները նաև պահանջում են, որպեսզի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը հանդիպի իրենց հետ  ու խոստանա, երաշխավորի, որ բանակցությունները կշարունակվեն ու ջանքեր կգործադրեն տղաներին գտնելու համար։

Նշենք, որ ծնողների որոշները Հերացու փողոցում էին փորձում ցույց անել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նրանց դուրս գալ փողոց։ Երբ անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը փորձում էր փակել փողոցը, ոստիկանները նրան ուժով դուրս բերեցին փողոցից, իրավիճակը լարվեց։

Ծնողները փորձում էին մոտենալ փողոցի կենտրոնին, ոստիկանները խոչընդոտում էին։ «Տղուս բերեք, ես էլ գնամ ու ձեզ մոռանամ»,-ոստիկաններին դիմեց մայրերից մեկը։ Մեկ այլ ծնող էլ լաց լինելով ասում էր․«Բաց թող, իմ տղան ձեր չափ չկա՞։Երկու մետր բոյ ուներ տղաս, հիմա չկա»։

Ծնողներին հաջողվեց մի պահ փողոցը փակել, սակայն ոստիկանները նրանց հեռացրեցին։

 

Նորություններ