Բագրատ Սրբազանը ՔԿ-ում է. նրա աջակիցները հավաքվել են շենքի դիմաց

«Եթե մինչև այս պահը Փաշինյանը որոշ գծեր չէր հատում, հիմա պարզվեց, որ նա պատրաստ է ամեն ինչի, ընդհուպ ամենազազրելի ամենանողկալի, ամենաստորացուցիչ գործողություններն անելուն։ Փաշինյանը հասկանում է, որ իշխանության չլինելու դեպքում, ինքը հայտնվելու է ճաղերի հետևում, ու նպատակադրվել է կործանել Հայաստանի Հանրապետությունը»,-այս մասին Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքարի» աջակիցների տներում։ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում։
Դանիելյանի խոսքով՝ վարչապետի գործողություններում զարմանալի որևե բան չկա, ու ժողովուրդը ևս պետք է հասկանա, որ ներկայիս իշխանությունների օրակարգում դրված է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, իսկ Հայաստանի ժողովրդին Դեր Զորի ճամփորդ դարձնելու ծրագիրը։
Զուգահեռաբար, ՀՀ քնչական կոմիտեից հայտարարել են, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, ինչից որոշ ժամանակ անց անձամբ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված մի քանի ձայնագրություններ։
Հարևանների պնդմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները ժամանել են վաղ առավոտյան, նրանց նկատել են մոտավորապես 9:30-ի սահմաններում։ Հարևաններին սակայն չեն հարցաքննել, մոտակա փողոցը ևս այդ ընթացքում չի փակվել, չնայած գտնվել է ոստիկանների հսկողության տակ։
Որոշ ժամանակ խուզարկություն իրականացնելուց հետո ԱԱԾ աշխատակիցները դուրս եկան Բագրատ Սրբազանի կեցավայրից։ Նրանց ձեռքին կային տարբեր կապոցներ, արկղեր ու փաստաթղթեր:
Այնուհետ Բագրատ Սրբազանին տեղափոխեցին ՀՀ Քննչական կոմիտե՝ զանգվածային անկարգությունների, ահաբեկչության ու իշխանության զավթման փորձի մեղադրանքներով։
«Սա հերթական շոուն էր։ Տնից քրեորեն հետապնդելի որևե իր չեն հայտնաբերել։ Միակ ահաբեկող նյութը, որը Սրբազանի տանը կարող էին հայտնաբերել, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան այնտեղ չէր կարող լինել։ Այս պահին Սրբազանն արդեն ունի ձերբակալվածի կարգավիճակ, ու վստահ եմ, որ կալանքի միջնորդություն կներկայացնեն»,-ձերբակալությունից հետո, լրագրողների հետ զրույցում ներկսյացնելով իրավիճակը, ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Փաստաբանը անդրադարձավ նաև ՔԿ–ի տարածած ձայնագրություններին, բացառելով այն տեսակետերը, որ դրանք կարող են ահաբեկչության հիմք հանդիսանալ․
«Այս ողջ ժամանակահատվածում, վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական բազմաթիվ գործընթացներ են եղել, հիմա իրենք այս շոուի ատրիբուտները ապահովելու են, տարբեր այսպիսի բաներ են տարածելու, շղարշ ստեղծելու և իմիտացիա անելու համար, որ տեսեք, ահաբեկչական խումբ ենք բռնել։ Ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպիսի շոուներ բազմաթիվ ենք ունեցել, նույն ՀՅԴ-ի հետ կապված, տարին մեկ բոլորին ձերբակալում են։ Պարզապես այս անգամ ավելի սրացում էր»։
Այս պահին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց, իսկ փաստաբաններն իրականացնում են անհրաժեշտ գործողությունները։
Նիկոլ Մարգարյան