Մովսես Քեշիշյան. Իրանը մտադիր չէ դադարեցնել իր խաղաղ միջուկային ծրագիրը, և եթե Իսրայելը կրկին փորձի հարվածել Իրանին, ապա պետք է պատրաստվի երկարատև պատերազմի

Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա հակամարտությունն ավարտվեց ԱՄՆ միջնորդությամբ։ Բոլոր կողմերը հայտարարեցին հաղթանակի մասին. Իսրայելը հայտարարեց միջուկային սպառնալիքի վերացման, Իրանը հայտարարեց ագրեսիային դիմակայելու մասին, իսկ ԱՄՆ-ն հայտարարեց իր խաղաղապահ առաքելության մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը լուծել է Թեհրանի հետ խնդիրը, որը, իբր, այլևս միջուկային ծրագրեր չունի։ Սակայն Նեթանյահուի և Թրամփի միջև տարաձայնությունները կրկին սրվել են։ Նեթանյահուն ցանկանում է շարունակել գործողությունը Իրանի դեմ, մինչդեռ ԱՄՆ նախագահ Թրամփը հետաքրքրված չէ պատերազմով, նա փորձում է ստիպել Իսրայելի վարչապետին համաձայնվել հրադադարի։ The New York Times-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ նախնական գաղտնի զեկույցում ասվում է, որ Իրանում երեք միջուկային օբյեկտների ամերիկյան ռմբակոծությունները երկրի միջուկային ծրագիրը հետ են մղել ընդամենը մի քանի ամսով. երկու միջուկային օբյեկտների մուտքերը փակվել են, բայց հիմնական կառույցները չեն ոչնչացվել։ Սա ներառում է Ֆորդոուն՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր գրասենյակը, որը կառուցվել է լեռան խորքում։
Այս տվյալները ուղղակիորեն հակասում են ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարություններին, որը հարվածներից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ գործողությունը «հիանալի ռազմական հաջողություն» էր, և որ «Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտները լիովին ոչնչացվել են»։ Bloomberg-ի վերլուծաբանների կարծիքով, 12-օրյա պատերազմի ամենամեծ առեղծվածը մնում է Իրանի ուրանի գտնվելու վայրը, որը հարմար է ատոմային ռումբ ստեղծելու համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) խոստովանեց, որ հակամարտության սկսվելուց ընդամենը հինգ օր անց տեսուչները կորցրել են Իրանում 409 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի հետքը։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորեց իր երկրին Իսրայելի նկատմամբ պատմական հաղթանակի կապակցությամբ։ Նա նշեց, որ նման արդյունքը պայմանավորված է ժողովրդի միասնությամբ, խաղաղությամբ և համախմբվածությամբ։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը հաղթել է, քանի որ Իսրայելը ստիպված է եղել միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը Թեհրանը որակեց որպես պարտության փաստացի ընդունում, և ցանկացած հետագա ագրեսիա կհանդիպի անհապաղ և կոշտ պատասխանների։
Թեհրանում հրատարակվող հայկական «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը RegionsTV-ի հետ զրույցում նշեց՝ ամսի 24-ից ուժի մեջ է հրադադարը։ Սակայն, ըստ Քեշիշյանի, նույնիսկ այս երկու օրերի հրադադարից հետո անհնար է եզրակացնել, թե արդյոք այն իրական կլինի։
«Երկու կողմերն էլ հայտարարել են, որ հավատարիմ կմնան հրադադարին, բայց խոստումներն ու գործողությունները դատվում են արդյունքներով, ուստի մենք պետք է սպասենք և տեսնենք։ Այս պահին պարզ է, որ երկու կողմերին էլ անհրաժեշտ էր դադար՝ իրավիճակը վերագնահատելու համար»,-ասաց Քեշիշյանը։
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Մովսես Քեշիշյանը շեշտեց, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել միջուկային էներգիայի ոլորտում իր հավակնություններից։ Նա նշեց, որ 12-օրյա հակամարտության ընթացքում Իսրայելը չկարողացավ ոչնչացնել Իրանի բոլոր միջուկային օբյեկտները, այլ միայն դանդաղեցրեց իր ծրագիրը։
Քեշիշյանի խոսքով․ «Միջազգային ատոմային էներգիայի գործակալության օրենքները չեն արգելում ուրանի հարստացումը։ Իրանը չի պատրաստվում ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացման իր խաղաղ միջուկային ծրագիրը։ Եվ եթե Իսրայելը կրկին փորձի հարվածել Իրանին, ապա պետք է պատրաստվի նաև երկարատև և ուժասպառ պատերազմի»։
«Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը վստահ է, որ եթե Իսրայելը նոր հարվածի փորձ անի, Իրանը հզոր հակահարված կտա։
Զաբելա Ավագյան