Խուզարկություններ Շիրակի թեմի առաջնորդարանում, սրբազանին աջակցող քաղաքացուն բերման ենթարկեցին

Վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում։
Ոստիկանները հսկում են առաջնորդարանի մուտքը։
Աշխատակիցներին, հոգևորականներին ներս չեն թողնում, քանի որ խուզարկություն է իրականացվում։ Սրբազան Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանին էլ թույլ չեն տալիս մուտք գործել առաջնորդարան։ Ի աջակցություն սրբազանի, մարդիկ, ակտիվիստներ հավաքվել են առաջնորդարանի մոտ, ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյան էլ այստեղ է։
Սրբազանն, ինչպես ասացին հոգևորականները, արձակուրդում է, քաղաքում չէ։ Ոստիկանները փորձեցին մարդկանց մայթերից տեղափոխել ավելի հեռու վայր, սակայն չհաջողվեց։ Քաղաքացիները հրաժարվեցին այլ վայր տեղափոխվել։
Արտաշես սարկավագ Աջապահյանն ասաց, որ ոստիկանությունը գնացել է Էջմիածին՝ վեհարան, Միքայել սրբազանի հետևից։
Քիչ առաջ բերման ենթարկվեց ակտիվիստ Մհեր Խաչատրյանը, որը տեսալուսանկարահանում էր։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը քաղաքացիական հագուստով մարդկանց թույլ չէր տալիս մայթերին մոտ կանգնել, հորդորում էր հեռու գնալ։
Արտաշես սարկավագ Աջապահյանը հայտնեց, որ առավոտյան փորձել են ներս մտնել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել, ասել են, թե ներսում ձեզանից մարդ կա։ Սակայն սարկավագը պնդեց, որ դա պահակն է եղել։ Այնպես որ խուզարկությունը տեղի է ունենում առանց հոգևորականների ներկայության։
Մեր տեղեկություններով՝ արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ Քահանայից ժողովին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ հւնիսի 26-ին իրավապահները հայտնեցին, որ հայտնի դարձավ, որ Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել «ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր):
Կարինե Կազարովա