Արցախցին մնալու է Հայաստանում. բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիները հանդիպում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:
Ավելի վաղ ակցիայի մասնակիցները պահանջագիր ներկայացրին կառավարությանը իրենց սոցիալական երաշխիքներն ապահովելու վերաբերյալ: Նրանց պահանջները լսելու էր իջել Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: Արցախցիների բողոքը սկսվեց շաբաթ Ազատության հրապարակից, որտեղ հանրահավաքից հետո նրանք նստացույց սկսեցին:
Արցախցին միայն ներուժ է Հայաստանի համար,-նշեց ակցիայի մասնակցիներից մեկը՝ պնդելով՝ հեշտ չէ՝ ամեն անգամ քո երկրում սեփական իրավունքների պաշտպանություն պահանջել:
«Արցախցին մնալու է Հայաստանում կառուցելու է իր տունն ու ընտանիքը»,-նշեց քաղաքացին:
Կառավարությունում հանդիպումից հետո Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց՝ իրենց ընդառաջ չեն գնալու ու արցախցիների վարձավճարների ծրագիրը չեն շարունակելու, ասել են միայն, որ տրամադրված են կառուցողական նոր առաջարկներ լսելու հարցում. «Մարդկանց դրսում մնալը իրենց համար հիմնավոր չէ, մնացածը անիմաստ է»,-ասաց Ստեփանյանը: