Հուլիսի վերջին Վրաստանը 12-րդ անգամ կընդունի ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժությունները․ ՀՀ-ն կմասնակցի որպես դիտորդ

ՀՀ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն «Agile Spirit 2025» բազմազգ զորավարժություններին։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանի տարածքում։ Այս տարի դրանք ուղղված են «մարտական պատրաստվածության բարձրացմանը, մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանը և գործառնական կարողությունների ամրապնդմանը»։
Ծրագիրը ներառում է հրամանատարական և շտաբային պատրաստություն, հատուկ նշանակության ուժերի համատեղ գործողություններ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի կարողությունների փորձարկում։
Զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանից բացի, զորավարժություններին որպես դիտորդներ կմիանան նաև Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները։