Գետքի «վառվող աղբյուրը» | Region

Գետքի «վառվող աղբյուրը»

Օգոստոս 06,2025 17:30

Գետք բնակավայրը գտնվում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիից մոտ 10 կմ հեռավորության վրա՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Տեղի բնակլիմայական պայմանները փոփոխական են և բարենպաստ չեն գյուղատնտեսության համար։ Սակայն շուրջ 600 բնակիչ ունեցող գյուղը զբոսաշրջային մի շարք գրավչություններ ունի, օրինակ, «վառվող աղբյուրը», որի խորքային ջրերը փոքրիկ կրակից բոցավառվում են։

Գետք գյուղի բնակիչ Գևորգ Յուզբաշյանը REGIONS TV-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակ առ ժամանակ տարածքում հետազոտություններ իրականացվել են, բայց այդպես էլ բնական այս երևույթն ամբողջապես չի բացահայտվել։ Տեղաբնակները վստահեցնում են, որ ջուրը խմելու է: Շատերն այն պարբերաբար են օգտագործում։ «Վառվող աղբյուրի» ջուրը սառն է, ունի մետաղական համ։

Հայտնի է, որ ջրի այրումը հնարավոր է միայն որոշակի պայմաններում, որոնք դժվար է վերարտադրել լաբորատոր պայմաններում, և որ բնական աղբյուրի ջուրը բռնկվում է դյուրավառ գազերի՝ մեթանի կամ ծծմբաջրածնի առկայության պատճառով: Այրման ժամանակ տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի արդյունքում ջերմություն և լույս է անջատվում:

Սակայն այս երևույթի շատ ասպեկտներ դեռևս մնում են առեղծված գիտության համար։ Բնության մեջ ջրի այրման երևույթը հազվադեպ է և պայմանավորված չէ աշխարհագրական դիրքով. այն կարող է տեղի ունենալ մոլորակի ցանկացած վայրում։

Նորություններ