Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց․ Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց վճիռը

Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Վահե Դոլմազյան) քիչ առաջ հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի գործով վճիռը։
Ըստ այդմ՝ ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Բացի այս, դատարանը Վարդազարյանի նկատմամբ սահմանեց լրացուցիչ պատիժ՝ նա 2 տարի իրավունք չի ունենա պաշտոններ զբաղեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում։
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։