Ձերբակալվել է ՊԵԿ և «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին (2014–2016թթ․) նախագահ, «Գազպրոմ Արմենիա»-ի (2016-2018թթ․) նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ շրջանառվող լուրերի, Հարությունյանը ձերբակալվել է իր օրոք հիմնադրված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանն առնչվող վարույթի շրջանակներում։ Վարդան Հարությունյանը Հակակոտուպցիոն կոմիտե է հրավիրվել երեկ երեկոյան՝ հարցաքննության, ապա նրան մեղադրանք է առաջադրվել և կալանքի միջնորդություն ներկայացվել:
Այժմ Հակակոռուպցիոն դատարանը քննում է նախաքննական մարմնի՝ Հարությունյանին կալանավորելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք` 2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ «բացահայտվել է հանցավոր սխեմա, որի միջոցով «Նորֆոլկ» ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Նախնական հաշվարկներով՝ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար»: ԱԱԾ-ի պնդմամբ, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նշենք, որ անցած տարի հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՊԵԿ և «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանից և նրան նրան փոխկապակցված անձանցից մի քանի տասնյակ անշարժ ու շարժական գույքեր և միլիոնավոր դոլարների ակտիվներ բռնագանձելու համար:
Ըստ դատախազության՝ Հարությունյանից պահանջվում է բռնագանձել.
23 անշարժ գույք.
9 տրանսպորտային միջոց.
473 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
6 մլն 239 հազար ԱՄՆ դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք.
Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ.
1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը, ըստ Դատախազության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել: