ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվեց | Region

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվեց

Օգոստոս 08,2025 17:29

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ կալանավորվեց։ Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին հայտնեց Հարությունյանի փաստաբան Արթուր Անդրիկյանը։

Վարդան Հարությունյանը, հիշեցնենք,  այսօր ձերբակալվել էր «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով հարուցված վարույթի շրջանակներում։

«2018 թվականին «Նորֆոլկ Քոնսալթինգի» հետ կապված քննություն է իրականացվել եւ հերքվել է, որ Վարդան Հարությունյանը կապ ունի այդ ընկերության հետ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ ենթադրյալ կապից ելնելով՝ Վարդան Հարությունյանին ապօրինի տնտեսական գործունեություն, պաշտոնեական դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության եւ փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։

Անդրիկյանն իր պաշտպանյալի ձերբակալությունը համարում է աբսուրդ։

Նկատենք, որ ընկերությունը ստեղծվել էր Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակշրջանում, ընկերության նպատակն էր միավորել եւ վերահսկել կարգոների գործունեությունը։

Պաշտպանը նշեց, որ առկա է 2018-ին քննիչի որոշումը, որտեղ նշվում է, որ հակամրցակցային համաձայնության մասով քննության արդյունքում այն չի հաստատվել։ Ըստ փաստաբանի՝ մեղադրանքները վերաբերում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, փողերի լվացմանը և արդար մրցակցությունը խախտող ինչ-որ համաձայնության․« Քննության ընթացքում բոլոր մեղադրանքներն էլ հերքվել են, գործը կարճվել է։ Իսկ պաշտոնեական լիազորության չարաշահման մասով էլ, որը կարող էր հարկեր չվճարելու հետեւանք առաջացնել, 2018 թվականի նույն որոշմամբ՝ հարկերը վճարելու հիմքով քրեական գործը կարճվել է։ Երրորդ հանգամանքը՝ Վարդան Հարությունյանի եւ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության կապն է, որը վերցված է 2018-ի գործի նյութերից եւ նույն որոշմամբ՝ վարույթը կարճվել է»։

Անդրիկյանի խոսքով՝ 7 տարի առաջ իրականացված քննությամբ քրեական վարույթը կարճվել է, այդ թվում՝ ընկերության եւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապի բացակայության հիմքով, սակայն այժմ այդ գործից վերցված նյութերով գործը նորից թարմացվել է։ Նա պնդեց, որ 2018-ի կայացրած որոշումն ուժի մեջ է, ուստի, իրավական առումով աբսուրդ է ստեղծվում։

Նա տեղեկացրեց, որ դիմելու են Վերաքննիչ դատարան։

 

Նորություններ