«Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար»․Թրամփը հայտնել է, որ կդիմի Ալիևին հայ գերիների վերադարձի համար | Region

«Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար»․Թրամփը հայտնել է, որ կդիմի Ալիևին հայ գերիների վերադարձի համար

Օգոստոս 11,2025 10:56

«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին»,-այս մասին սոցիալական ցանցում գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա ֆեյսբուքի իր էջում գրառմամբ պնդել է, որ «վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձեւաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը եւ փնտրում լուծումներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ եւ ոչ թե մասնակի»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում:

«Դուք 23 քրիստոնյաների մասի՞ն եք խոսում։ Ես պատրաստվում եմ խնդրել նրան (ենթադրվում է, որ նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին), որ դա անի։Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Սա կարևոր է, այնպե՞ս չէ»,-ասել է Թրամփը։

Համացանցում երեկվանից որոշ օգտատերեր գրում են, թե «․․․Փաշինյանին դուր չի եկել, որ գերիների վերադարձի հարցը Թրամփն արծարծել է», «Փաշինյանն անակնկալի եկավ, երբ Թրամփը նման բան ասեց»։ Նմանատիպ բովանդակությամբ բազմաթիվ գրառումներ են արվում։

 

Նորություններ