«Թրամփի ուղու» հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առնվել․Մասուդ Փեզեշքիան | Region

«Թրամփի ուղու» հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առնվել․Մասուդ Փեզեշքիան

Օգոստոս 11,2025 11:29

«Տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Այնպես չէ, ինչպես լուրերում են ուռճացնում։ Այս ուղու հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առնվել»,-այս մասին կիրակի օրն անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի բացմանն,  ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ նրա՝ միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություններն են այդ ճանապարհը կառուցելու։

Իրանի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ «Կովկասյան տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն, անկախ ձևից, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, և մենք միշտ բարձրացրել ենք այս հարցը ադրբեջանական և հայկական կողմերի հետ և կշարունակենք այն շեշտել»։

Pars Today-ի Արաղչի. Իրանը բազմիցս զգուշացրել է Կովկասյան տարածաշրջանում օտարերկրյա ներկայության բացասական հետևանքների մասին – Pars Today փոխանցմամբ՝ կառավարության նիստում պատասխանելով Ադրբեջանի   և Հայաստանի միջև համաձայնագրի վերաբերյալ հարցին, Արաղչին նշել է․ ««Զանգեզուրի միջանցքի» և բարձրացված այլ հարցերի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը լիովին պարզ է. մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը և նախկինում հայտարարել ենք, որ պատրաստ ենք աջակցել կողմերին՝ խաղաղության գործընթացում»։

Նշելով, որ կովկասյան տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար, Արաղչին հավելել է. «Մեր դիրքորոշումներն այս տարածաշրջանի վերաբերյալ հստակ են. Իրանն ընդգծում է տարածաշրջանի բոլոր երկրների լիակատար ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը և չի ընդունում սահմանների որևէ փոփոխություն»։
Արաղչին  ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ նշվածը ներառում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության հարգումը, նրանց տարածքային ամբողջականության հարգումը և սահմանների ցանկացած փոփոխությանն ընդդիմությունը, որոնք լիովին համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին։

Իրանի արտգործնախարարը ընդգծել է. «Միջանցքի հարցը մի կողմ է դրվել, և քննարկումը վերաբերում է տարանցիկ ճանապարհի, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո և այս երկրի տարածքում։ Բացի այդ, այս նախագծի իրականացումը ստանձնել է ամերիկա-հայկական ընկերությունը, որը գրանցված է Հայաստանում և գործում է այդ երկրի օրենքներով»։

Եզրափակելով, Արաղչին նշել է. «Թեհրանը զգուշացրել է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայության մասին և ընդգծել, որ դա կարող է սպառնալ խաղաղությանը և կայունությանը։ Ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը այս նախագծում մտահոգության առիթ է Իրանի համար, և այս հարցը քննարկվել է կողմերի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին»։

Նորություններ