«Ժողովրդին համոզում եք, թե եկել եք իրենց օգնելու։ Ո’չ, եկել եք ձեր գրպանննեը լցնելու»․Քարաբերդում ոսկու հանքի շահագործման վերաբերլալ լսումներն անցան լարված մթնոլորտում | Region

«Ժողովրդին համոզում եք, թե եկել եք իրենց օգնելու։ Ո’չ, եկել եք ձեր գրպանննեը լցնելու»․Քարաբերդում ոսկու հանքի շահագործման վերաբերլալ լսումներն անցան լարված մթնոլորտում

Օգոստոս 13,2025 13:52

Լոռու մարզի  Քարաբերդ համայնքում ոսկու հանքի շահագործման վերաբերյալ այսօրվա հանրային լսումներն անցան լարված մթնոլորտում։

«ԶՈՎ-ԳՈՒԺ» ՍՊԸ-ն նախատեսում է Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման և եկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնել։ Սրա վերաբերյալ հանրային լսումների ժամանակ բնակիչներն ու բնապահպանները պարբերաբար ընդհատում էին ծրագիրը ներկայացնողին, տեղից դժգոհություն հայտնում, ու վստահեցնում, որ անթույլատրելի է Քարաբերդում հանք շահագործելը։

Հիշեցնենք, որ սա Քարաբերդում առաջին լսումները չեն, այստեղ նախկինում մի քանի լսումներ ևս տեղի են ունեցել, վերջին լսումներն այս տարվա հուլիսի 9-ին էր։ Բնակիչները նախկինում դեմ էին իրենց բնակավայրում ոսկու հանքի երկրաբանական ուսումնասիրություններին, առավելևս՝ հանքի շահագործմանը։ Սակայն այսօր պարզվեց, որ մի խումբ բնակիչներ իրենց կարծիքը փոխել են։

Լսզումների ժամանակ իրավիճակը լարվեց, երբ բնակիչներից մեկն ասաց, որ «Զով-Գուժ» ՍՊԸ–ի ներկայացուցիչները այդ բնակիչների վրա ճնշումներ են գործադրել։

Լսումներին ներկա Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն էլ փորձեց հանգստացնել բնակիչներին, վստահեցրեց, թե բնակիչներին որևէ մեկը չի կարող ճնշել։

«Առաջին վախացնողը դուք եք, ձեր պահվածքն արդեն ամեն ինչ ցույց է տալիս, սկզբից էլ պարզ էր՝ դուք ով եք, ինչ եք ուզում»,-քարաբերդցիներից մեկն արձագանքեց Կոստանդյանին ու մեղադրեց նրան, թե համայնքի ղեկավարը  ընկերության ներկայացուցիչներին է աջակցում ու  նրանց հետ բնակիչների վրա ճնշում գործադրում։

Այդուհանդերձ, համայնքի բնակիչների մեծ մասը կտրականապես դեմ է ոսկու հանքի հնարավոր շահագործմանը։

«Այս տարի արդեն 3 անգամ լսել ենք նույն բանը, բոլոր դեպքերում էլ բնակիչները դեմ են արտահայտվել։ Ի՞նչու ենք կրկին նույն հարցը քննարկվում, ի՞նչու է տեղական ժողովրդավարությունը այս աստիճանի ոտնահարվում››,-հայտարարեցին բնակիչները։

Մեկ այլ բնակիչ էլ հայտարարեց․‹‹Գիտեք, որ մարդիկ այնքան էլ տեղեկացված չեն հանքարդյունաբերության խնդիրներից, եկել հեքիաթներ եք պատմում, ժողովրդին համոզում եք, թե եկել եք իրենց օգնելու։ Ո’չ դուք եկել եք ձեր գրպանննեը լցնելու››։

«ԶՈՎ-ԳՈՒԺ» ընկերության տնօրենն էլ ասաց, որ այսօրվա լսումների նպատակն է նախորդ լսումներում բարձրացված ու անպատասխան մնացած հարցերի պատասխանները տալու համար։ Ընկերության ներկայացուցիչ Վիգեն Ավետիսյանը ներկայացեց իրենց կողմից նախատեսվող գործունեության նպատակը, սակայն կազմակերպության ներկայացուցիչների ելույթները պարբերաբար ընդհատում էին համայնքի բնակիչները։

‹‹Ժողովուրդը հնարավորություն կունենա աշխատելու, մի քանի ընտանիք կաշխատեն։ Մեզ համար ամենավնասակար հանքը շիբինի հանքն է։ Եթե վնսակար է, թող ընդհանուր փակեն, եթե ոչ, թող էս մեկն էլ աշխատի, բայց թունելային››,-ասաց բնակիչներից մեկը։

Լարված մթնոլորտում ընթացող այս լսումների ժամանակ այդպես էլ չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ