Պատմության մեջ միակ առաջնորդն եմ, ով ժողովրդին անհամաձայնության դեպքում հեղափոխության կոչ է արել | Region

Պատմության մեջ միակ առաջնորդն եմ, ով ժողովրդին անհամաձայնության դեպքում հեղափոխության կոչ է արել

Օգոստոս 21,2025 13:05

«Ես 7-րդ դասարանից ներգրավված եմ եղել ղարաբաղյան շարժման մեջ, իսկ 2025 թվականի մարտին Ազգային ժողովի ամբիոնից նշեցի, որ վարչապետի պաշտոնում իմ փորձի և վերլուծության հիման վրա եզրակացությունն այն է, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարելու է այս սկզբունքի հիման վրա։ «Եվ եթե Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ այդպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել։ Կարծում եմ, որ ես աշխարհի պատմության մեջ առաջին և միակ վարչապետն եմ, որն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն կատարել՝ եթե քաղաքացիները համաձայն չեն հայտարարված ռազմավարության հետ։ Երկրորդ նման դեպք ես չգիտեմ»։
Փաշինյանի խոսքով՝ փաստն այն է, որ ՀՀ քաղաքացիները հեղափոխություն չեն արել, որովհետև նրանք, ինչպես և ինքը, հասկացել են, որ առանց այդ որոշումը կայացնելու խաղաղություն հնարավոր չէ ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականորեն․« Նրանք հասկացել են, որ սա այն դրույթն է, որը ես առաջ եմ քաշել և որը, ցավոք, գոյություն ունի արդեն երկար ժամանակ և գուցե հենց ամենասկզբից»։

Նրա ներկայացամամբ՝ մյուսները ղարաբաղյան շարժումը այլ կերպ են ընկալել՝ այնտեղ տեսնելով մի հարմար լծակ, որը կարող է խոչընդոտել Հայաստանի ինքնիշխանությանը, պետականությանը, անկախությանը և բարգավաճմանը․«Պետք է խոստովանել, որ այդ լծակն արդյունավետ է օգտագործվել։

Այժմ խաղաղության դարաշրջան է և Հայաստանի քաղաքացիները դա գոհունակությամբ են ընդունել։ Դրա մասին բազմաթիվ ապացույցներ կան և չկան փաստեր, որոնք կհերքեն դա»։

Նորություններ