Գեորգի Թումասյան. Սյունիքում հաղորդակցությունների բացման շուրջ անհանգստությունները պայմանավորված են Իվանիշվիլիի գլխավորությամբ Վրաստանի նկատմամբ անվստահությամբ, և այսօր Վրաստանով անցնող բոլոր հաղորդակցությունները կասկածի տակ են | Region

Գեորգի Թումասյան. Սյունիքում հաղորդակցությունների բացման շուրջ անհանգստությունները պայմանավորված են Իվանիշվիլիի գլխավորությամբ Վրաստանի նկատմամբ անվստահությամբ, և այսօր Վրաստանով անցնող բոլոր հաղորդակցությունները կասկածի տակ են

Օգոստոս 27,2025 10:19

Ներկայումս Վրաստանը Հարավային Կովկասի միջոցով Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք առանցքներով տարանցիկ երթևեկության և համաշխարհային առևտրի հիմնական շահառուն է: Սյունիքով անցնող ցամաքային ճանապարհը, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի անկլավի հետ, կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային տարբեր տրանսպորտային կապերի ակտիվացման գործում: Որոշ փորձագետների կարծիքով, Թբիլիսիի համար սա տարածաշրջանում տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկ հաղորդակցությունների գլոբալ վերակառուցման ազդանշան է, ինչը, ի վերջո, կհանգեցնի Վրաստանի դերի նվազմանը:

Հատկանշական է, որ Վրաստանի ձերբակալված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը Միացյալ Նահանգներին հանձնելուց հետո Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ դերը և Իրանի և Ռուսաստանի հետ միասին մնալ լիակատար աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ»: Նա կարծում է, որ երկիրը դուրս է եկել ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագրերից Վրաստանի կառավարության մեղքով, որը խզել է ռազմավարական կապերը Ամերիկայի և Եվրոպայի հետ։

Վրաստանում հասարակական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Թումասյանը RegionsTV-ի հետ զրույցում վերլուծելով «Թրամփի ուղու» մասին վրացական կողմի հետաքրքրություններն, ասաց՝ Հայաստանում հաղորդակցությունների ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի սահմանի բացմանը, ինչը նշանակում է, որ Հայաստանի շրջափակումը կվերացվի, միևնույն ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը նույնպես կստանան հաղորդակցությունների նոր հնարավորություններ։

«Այսօր այս հաղորդակցությունների ամբողջ իմաստն այն է, որ ոչ ոք չի վստահում Վրաստանին ռուս օլիգարխ Իվանիշվիլիի ռեժիմի ներքո, որը լիովին վերահսկվում է Մոսկվայի կողմից, և այսօր Վրաստանով անցնող բոլոր հաղորդակցությունները կասկածի տակ են»,-ընդգծեց Թումասյանը։

Նշենք, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների շրջանակներում ԱՄՆ միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ Հայաստանը ԱՄՆ-ին շնորհեց Սյունիքի ճանապարհի՝ Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տրանսպորտային երթուղու զարգացման իրավունքը: Հայաստանում Սյունիքով անցնող ճանապարհը կոչվում է «Թրամփի ճանապարհ», իսկ Ադրբեջանում այն անվանում են «Զանգեզուրի միջանցք»:

Այս առնչությամբ Թումասյանն ասաց, որ ցանկացած պետություն կարող է աշխարհի ցանկացած ճանապարհ անվանել իր հայեցողությամբ, չնայած դա չի փոխում իրավական փաստաթղթերը: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի եռակողմ հայտարարությունը ենթադրում է հստակ անվանում՝ «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար», և, համապատասխանաբար, այս երթուղին այդպես էլ կկոչվի:

«Այս փաստաթուղթը ընդգծում է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչպես նաև հաշվի է առնում Ալմա-Աթայի հռչակագիրը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները անցնում են խորհրդային սահմաններով։ Իսկ Խորհրդային Միության փլուզման ժամանակ այս տարածքը Հայաստանի մաս էր կազմում և կոչվում էր Սյունիքի մարզ։ Հետևաբար, հաղորդակցությունների բացումը՝ դրանց նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության լիակատար պահպանմամբ, առաջնահերթություն է հայկական կողմի համար»,-նշեց Գիորգի Թումասյանը։

Նրա խոսքով՝ երեք հնարավոր սցենարներից ամենավատը կլիներ Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղակի հարձակումը և օկուպացիան, նան հնարավորություն գոյություն ուներ․«Բացի այդ, այս միջանցքի նկատմամբ Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից վերահսկողությունը, որը, նոյեմբերի 9-ի այսպես կոչված հայտարարության 9-րդ կետի համաձայն, ստեղծում է այս միջանցքի էքստրատերիտորիալ բնույթ, որտեղ Ռուսաստանն ինքը կարող է վերահսկել տարանցումը իր անվտանգության ուժերի օգնությամբ, նույնպես բացասական սցենար էր ներկայացնում Հայաստանի համար։ Այս տարբերակը, որտեղ Վաշինգտոնը կհանդիսանա միջնորդ և կմասնակցի ենթակառուցվածքային բաղադրիչին, բայց Հայաստանի ինքնիշխանությունը և հայկական կողմի ներկայությունը այնտեղ կասկածի տակ չեն դրվում, քանի որ Հայաստանի տարածքում անվտանգությունը կապահովի միայն հայկական կողմը, և Միացյալ Նահանգները այնտեղ ներկա չի լինի անվտանգության մարմինների կամ բանակի տեսքով, Հայաստանի շահերի համար օպտիմալ տարբերակ է»։

Թումասյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, ապաշրջափակումը կհանգեցնի փոխշահավետ զարգացման, իսկ առևտուրն ու ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը միշտ աշխարհը շատ ավելի ուժեղ են դարձնում, քանի որ կողմերը սկսում են ավելի ու ավելի շատ կախված լինել միմյանցից։

Նա նշեց, որ վրացական կողմը պաշտոնապես ողջունել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման այս գործընթացը․«Սակայն վրացական կողմի համար այս հաղորդակցությունների բացումը լուրջ խնդիր է ստեղծում։ Վրաստանի կառավարությունը բաց է թողել տարածաշրջանում կարևոր խաղացող դառնալու հնարավորությունը, կասկածի տակ դնելով նրա չեզոքությունն ու թափանցիկությունը»։

Թումասյանի խոսքով՝ ներկայիս կառավարության նկատմամբ անվստահությունը խաթարում է Վրաստանի՝ որպես հուսալի տարանցիկ հանգույցի ներուժը։

«Այսօր այս հաղորդակցությունների ամբողջ իմաստն այն է, որ ոչ ոք չի վստահում Վրաստանին ռուս օլիգարխ Իվանիշվիլիի ռեժիմի ներքո, որը լիովին վերահսկվում է Մոսկվայի կողմից, և այսօր Վրաստանով անցնող բոլոր հաղորդակցությունները կասկածի տակ են։ Հետևաբար, ըստ էության, «Թրամփի ուղու» օգնությամբ Միացյալ Նահանգները վերակողմնորոշում է նաև իր Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան լոգիստիկ շղթաները Կենտրոնական Ասիա-Եվրամիություն-Չինաստան ձևաչափից դեպի Հայաստանով անցնող ձևաչափ, ինչը չի կարող օգտակար լինել Վրաստանի համար։ Ավելին, Իվանիշվիլին ինքն է ստեղծել այս իրավիճակը, Վրաստանը չի կարող փոխել այս իրականությունը»,-ասաց Թումասյանը։

Վրաստանի հայկական համայնքի պլատֆորմի նախագահը մտահոգություն հայտնեց, որ «եթե Վրաստանը մի քանի տարվա ընթացքում չվերադառնա եվրոպական ինտեգրման և Արևմուտքի հետ դաշինքի ուղուն, ապա իրականում Արևմուտքի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի համար, որն այժմ մանևրում է Մոսկվայից դեպի Վաշինգտոն, Վրաստանի միջով անցնող հաղորդակցությունները պարզապես կկորցնեն իրենց ռազմավարական հետաքրքրությունը, և այստեղ նոր հաղորդակցություններ չեն կառուցվի, քանի որ Ռուսաստանի կողմից վերահսկվող քաղաքական իրավիճակը կհանգեցնի վստահության նվազմանը։ Եվ, համապատասխանաբար, Վրաստանը կկորցնի իր աշխարհաքաղաքական գործառույթը տարածաշրջանում՝ որպես հիմնական տարանցիկ երկիր։ Արդյունքում, Վրաստանը կդառնա Ռուսաստանի ևս մեկ նահանգ՝ առանց աշխարհաքաղաքական գործառույթի»։

Թումասյանի խոսքով՝ Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ դերը և մնալ լիակատար աշխարհաքաղաքական մեկուսացման վիճակում։ Նրա կարծիքով՝ «Թրամփի ուղին» կդառնա տարածաշրջանի պետությունների հարաբերությունների նոր փուլ։

«Թրամփի ուղին» կամրապնդի համագործակցությունը երեք երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի, բայց ոչ Վրաստանի միջև։ Համապատասխանաբար, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան կառուցել ավելի վստահելի, փոխգործակցության վրա հիմնված դիվանագիտական ​​հարաբերություններ, որոնք կհանգեցնեն այս երեք երկրների միջև գոյություն ունեցող բարդ պատմական իրավիճակի կայունացմանը»,- Գիորգի Թումասյանը։

Զաբելա Ավագյան

Նորություններ