Նեթանյահուն առաջին անգամ հայտարարեց, որ ճանաչում է հայերի ցեղասպանությունը․Times of Israel

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքասթի ժամանակ առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը։
Times of Israel-ը գրում է, որ «Իսրայելը վաղուց խուսափում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյաների կոտորածը պաշտոնապես ճանաչելուց, չնայած վարչապետը, կարծես, ազդարարում է իր դիրքորոշման փոփոխության մասին, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են վատթարանալ»։
Լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդը փոդքասթի ժամանակ հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչել է 193 երկիր, և նկատել, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը, Իսրայելն է: Նեթանյահուն պատասխանել է. «Կարծում եմ՝ փաստացի ճանաչել ենք։ Կնեսեթը նմանատիպ բանաձև է ընդունել», չնայած, որ այդպիսի օրենք Կնեսեթը չի ընդունել։
Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։
Times of Israel-ը գրում է, որ Իսրայելում շատերը կարծում են, որ Հոլոքոստի եզակի բնույթը խանգարում է իրենց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ մտավախությամբ, որ դա կարող է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեկ երրորդ հրեաների համակարգված բնաջնջումը դնել պատմության ընթացքում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների շարքում։
Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծն առաջին անգամ Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանն էր ներկայացվել 2018-ին, սակայն այն չէր ընդունվել: