Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է շորթման հոդվածով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն այսօր առավոտյան բերման է ենթարկվել երեխային մանկապարտեզ տանելիս։
ՀՀ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Regions TV-ին հայտնեց, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է քննչի որոշմամբ։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Շահվերդյանը Regions TV-ին տեղեկացրեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել է Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով՝ շորթում՝ հարկադրանքի այլ եղանակով։
Այս հոդվածի համապատասխան կետի համաձայն՝ «Շորթումը՝ անձի կամ ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանցավորին կամ մեկ այլ անձին հանձնելու կամ հանցավորի կամ մեկ այլ անձի օգտին գույքային բնույթի գործողություն կատարելու կամ գույքային բնույթի պարտավորություն ստանձնելու կամ գույքային իրավունք ձեռք բերելուց ձեռնպահ մնալու պահանջ է, որը կատարվել է հարկադրանքի այլ եղանակով»։
Հոդվածի այս կետով նախատեսվում է պատիժ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Ըստ Անուշ Շահվերդյանի, նախաքննությունը շարունակվում է։
Սպարտակ Ղուկասյանն արդյո՞ք մինչ այժմ եղել է հետախուզման մեջ մեկ այլ քրեական գործով, կա՞ն արդյոք նրա նկատմամբ հարուցված այլ քրեական գործեր,թե ոչ, քննչական կոմիտեից տեղեկություններ չհայտնեցին։