Նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա. մարդիկ վրդովված են, պնդում են, որ սա Թուրքիայի պահանջն է | Region

Նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա. մարդիկ վրդովված են, պնդում են, որ սա Թուրքիայի պահանջն է

Սեպտեմբեր 15,2025 10:37

2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է որոշմամբ սահմանված կնիքների նոր ձևերը՝  նշելով․Աաշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում»։

Թորոսյանը գրել է, որ որոշման հիմնավորմամբ՝«կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»։

Օգտատերերն ու ընդդիմադիր գործիչները սակայն հակադարձում են՝ կնիքից Արարատ լեռան պատկերը հեռացվում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով։

«Վրաստանի սահմանապահների կնիքի մեջ առկա է Վրաստանի քարտեզի ուրվագիծը։ Դե հիմա պատկերացրեք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Վրաստանի առջև պայման դնեն, որ իրենց քարտեզի ուրվագծից հեռացնեն Աբխազիան ու Հրվ․ Օսեթիան։ Կանե՞ն այդպիսի բան։ Իհարկե ոչ, քանի որ պատրաստ չեն ցանկացած նվաստացման ենթարկվել զուտ հարաբերությունների նորմալացման համար»,-գրել է Արամ Հովհաննիսյան անունով օգտատերը։

Մեկ այլ օգտատեր էլ՝ Կարեն Մկրտչյանը գրել է․ «Ի՞նչ կապ ունի որոշակի երկրներում կնիքի բացակայությունը ձեր Թուրքիայի պահանջի կատարման հետ։ Գիտեմ, որ անընդհատ ընտրվելը ձեզ իրավունք է տալիս մտածել բոլորս ապուշ ենք, բայց դե տենց չի էլի։ Շատ երկրներ կնիք չեն դնում, դուք էլ մի դրեք։ Կնիքը թողնում եք բայց Արարատ լեռը հանում, զուտ Անկարայում նստածների պահանջով, ի՞նչ եք ուրիշ հեքիաթ պատմում»։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի Բաքուն կրկին պնդել էր իր պահանջը՝ փոփոխություն կատարաել ՀՀ Սահմանադրությունում, ինչպես նաև հրաժարվել ազգային խորհրդանիշներում Արարատ լեռան պատկերներից։

 

Նորություններ