«Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»․Վարդան Ղուկասյանի առաջարկությամբ «Գյումրու օրը» չեղարկվել է, ՔՊ-ն տոնը նշելու հարցով արտահերթ նիստ է նախաձեռնում | Region

«Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»․Վարդան Ղուկասյանի առաջարկությամբ «Գյումրու օրը» չեղարկվել է, ՔՊ-ն տոնը նշելու հարցով արտահերթ նիստ է նախաձեռնում

Սեպտեմբեր 17,2025 11:58

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ, որի օրակարգում է «Գյումրու օր» տոնակատարության անցկացման հարցը։

Ավագանու երեկվա նիստում չեղարկվել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Այս տոնակատարության կազմակերպման և անցկացման համար, ինչպես նիստի ժամանակ նշել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քվերարկությունից առաջ  առաջարկել է հարցը հանել  օրակարգից, նշելով․«Որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»։

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը պաշտպանել է միջոցառումը չեկարկելու քաղաքապետի առաջարկությունը, և այն առանց քվեարկության հանվել է օրակարգից։ Այսինքն, «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։

Իսկ ահա ՔՊ-ն մտադիր է արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել այս տոնակատարությունն անցկացնելու հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ բազմաթիվ գյումրեցիներից զանգեր ու մտահոգություններ են ստանում տոնի չեղարկման առնչությամբ․«Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»։

 

Նորություններ