ԱԺ նախագահի դիմումի հիման վրա ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին կուսկացությունից հեռացնելու պահանջ է ներկայացրել | Region

ԱԺ նախագահի դիմումի հիման վրա ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին կուսկացությունից հեռացնելու պահանջ է ներկայացրել

Սեպտեմբեր 17,2025 15:20

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Այս մասին նշված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հայտարարությունում:

«Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։

ՔՊ վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր մի շարք լրատվամիջոցներ էլեկտրոնային փոստով նամակ են ստացել, որտեղ նշվում է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։

«Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավել մարդ էր մասնակցում։ Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ Վիվառո ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև երկրի վարչապետին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել է կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով»,-նշվում է ԶԼՄ-ներին ուղարկված նամակում։

Նորություններ