«2 տարի է՝ տառապում ենք։ Եթե ասեն՝ վաղը գնում եք հետ Ղարաբաղ, չոքաչոք, բոբիկ ոտերով կգնամ, թող տունը չլինի, բայց ես կգնամ»․արցախցի կին

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, պաշտոնյաներ այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգելու 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվածների հիշատակը։
Արցախցի կինը, որը նույնպես Եռաբլուր էր այցելել, այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Մարտակերտի Կճողուտ գյուղում էին բնակվում, երբ իրենց տեղեկացրել են, որ պետք է դուրս գան, գնան Ստեփանակերտ, անտառներով մի կերպ տեղ են հասել․«Այդ օրն էլ էինք աշխատում, չգիտեինք՝ կհասնե՞նք տուն, չենք հասնի։ Չգիտեինք՝ ոնց կլինի։ Առավոտը ժամը 8:30 մեզ ասեցին, որ պետք է կալոնայով դուրս գանք տնից։ Ուղղակի չէիք պատկերացնում, որ մենք հետ չենք գալու։ Մեզ ասեցին՝ կտանեն մեզ, մի երկու օր կմնաք անտառներում, ու ոչ մի բան չէինք վերցրել մեզ հետ։ Մենակ վերցրեցինք մի շիշ ձեթ, մի հատ փոքր գազի բալոն, մեկ էլ մի դույլ կարտոֆիլ, որ գոնե այդ երկու օրն անտառներում ուտենք։ Ոչ հաց կար, ոչ բան կար»։
Նրա պատմելով՝ երեք օր նրանց պահել են Ստեփանակերտի օդանավայկայանում․«3-րդ օրը ասեցին՝ դուրս եկեք, կարող է այստեղ էլ վնասեն ձեզ։ Ամսի 25-ի առավոտյան, ցավոք սրտի, մենք Ստեփանակերտից պետք է դուրս գայինք։ Ամուսինս այդ ապրումներից մեքենայի ղեկին ինսուլտ ստացավ։ Հազիվ մի կերպ եկանք, հասանք Կոռնիձոր։ Այնտեղից միանգամից ամուսնուս սկոռիով տարան Գորիսի հիվանդանոց, մի շաբաթ հետո ուղղաթիռներով Սիսիանից մեզ բերեցին Երևան։ Մի ամիս էլ այնտեղ մնացինք հիվանդանոցում։ Երկու տարի է՝ մենք տառապում ենք։ Երևի չեք պատկերացնի, թե ինչի միջով ենք մենք անցել»։
Արցախցի կնոջ խոսքով՝ առավոտից երեկո Նիկոլ Փաշինյանին անիծում է․« Ինքն էլ պետք է այդ ամեն ինչով անցնի, որ իմանա արցախցու վիճակը։ Ես Աստված եմ կանչում, Աստված կների ինձ, բայց ասում եմ՝ Նիկոլը ու իր խունտան պետք է այդ օրը ընկնի, որ մեր ղադրը իմանա, ուրիշ ոչ մի բան»։
Արցախ վերադառնալու հնարավորության մասին էլ կինն ասաց․«Եթե ասեն՝ վաղը գնում եք հետ Ղարաբաղ, առաջինը երևի ես կգնամ, չոքաչոք կգնամ, բոբիկ ոտերով կգնամ, մենակ թե ես գնամ, թող տունը չլինի, թող ոչ մի բան չլինի, բայց ես կգնամ, կհասնեմ»։