Մեղրի համայնքում մեղուների շրջանում վարակ է բռնկվել, մասնագետներն ահազանգում են՝ հնարավոր է գարնանը մեղուների անկումն ավելի մեծ ծավալների հասնի | Region

Մեղրի համայնքում մեղուների շրջանում վարակ է բռնկվել, մասնագետներն ահազանգում են՝ հնարավոր է գարնանը մեղուների անկումն ավելի մեծ ծավալների հասնի

Սեպտեմբեր 20,2025 20:04

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում մեղվաբույծներն ահազանգում են՝ մեղուների շրջանում տարածվել է վտանգավոր վարակ, որի հետևաանքով մեծ թվով մեղուներ են սատկում:

Մեղուների անհասկանալի վարքագիծը Մեղրի համայնքում նկատել են սեպտեմբերի 16-ին: Այդ օրվանից սկսած Մեղրիի համայնքապետարանը ահազանգեր է ստանում մեղվապահներից՝ հնարավոր է վարակ է տարածվել մեղուների շրջանում։

RegionsTV-ի հետ զրույցում Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ասաց, որ վերջին օրերի հետ համեմատ մեղուների վարքագծում փոփոխություններ չեն նկատվում. մեղուները լքում են իրենց փեթակները և չեն վերադառնում,  նրանց սատկած են գտնում շրջանի տարբեր գյուղերում՝ Նռնաձորից մինչև Տաշտուն։

Ըստ Անդրեասյանի՝ այս պահին վնասի կոնկրետ չափ չի հաշվարկվել, 7-8 տնտեսություն է տուժել:  Համայնքի ղեկավարի խոսքով՝  երկուշաբթի օրը Էկոնոմիկայի նախարարության համապատասխան պատասխանատուն, պետք է այցելի համայնքապետարան․«Նա կհանդիպի համայնքի ֆերմերների հետ, այնուհետև կայցելենք գյուղեր, տեղում իրավիճակը գնահատելու»:

Մեղրի համայնքի երկարամյա մեղվաբույծներից Անդրանիկ Մովսիսյանը կասկած չունի՝ մեղուների անոմալ վարքագծի ու միմյանց վրա պարբերաբար հարձակումների պատճառը վարոատոզ հիվանդությունն է։  Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց՝ իր մեղուների շրջանում էլ է նկատել այս հիվանդությունը։

Թե որքան վնաս է կրել, Մովսիսյանն ասաց, որ այդ մասին խոսելը դեռ շատ շուտ է․« Որպես այդպիսին, վնասի կոնկրետ չափերը հայտնի կդառնան միայն վաղ գարնանը: Եթե մեղվաընտանիքը թուլացած գնա ձմեռանոց, անկումներ կլինեն նաև ձմռանը: Հնարավոր է այս պահի հետ համեմատած անկումները կրկնապատկվեն, անգամ եռապատկվեն»։

Վարոատոզի հարուցիչը վարոա տզի էգն է, որը մակաբուծվում է մեղուների վրա և արագ փոխանցվում է հիվանդ ընտանիքներից առողջներին։ Վարակի տարածման հիﬓական աղբյուրը վարակված մեղուների ընտանիքն է, այն կարող է տարածվել այն դեպքում, երբ մեղվաբույծները չպահպանեն մեղուների սանիտարահիգիենիկ նորմերը: Հիվանդ մեղուների ընտանիքները աստիճանաբար թուլանում են, մեղուները դառնում են ագրեսիվ, նրանց վարքը դառնում է անվերահսկելի: Շատ դեպքերում վարակված ընտանիքները լքում են իրենց բույնը, թռչում և չեն վերադառնում:

«Այս հիվանդության դեմ պրոֆիլակտիկ պատվաստումները նախատեսված են վաղ գարնանը, և ուշ աշնանը, սակայն կապված այս տարվա ընթացքի հետ, կարելի էր մեկ պատվաստում էլ բերքը քամելուց հետո անել: Հնարավոր է, վիճակը փոքր ինչ կարգավորվեր: Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք»,-ասաց մեղվաբույծը։

Փորձառու մեղվաբույծը հիվանդության դեմ պայքարի իր ձևերն ունի, ասում է՝ արդյունավետ է, մյուսներին էլ է խորհուրդ տալիս, կմեղմի իրավիճակը, բայց եթե արագ գործեն․«Առաջինը հեղուկ տեսքով է, որը փչվում է անմիջապես մեղվաընտանիքների ներսում, շրջանակների վրա: Մյուս դեղորայքը, հատուկ հոտերով, նախատեսված է մեղվաընտանիքների  ներսում կախելու համար: Այս իրավիճակում, իմ կարծիքով հենց այս տարբերակն է ավելի արդյունավետ, քանի որ դեղը փչելու պրոցեսը համեմատաբար երկար է, ու հնարավոր է այդ ժամանակահտվածում գազազած մեղուները հարձակվեն մյուս մեղվափեթակների վրա»:

 Նիկոլ Մարգարյան

 

 

 

Նորություններ