Բաքուն և Անկարան գնում են ոչ թե ապաշրջափակման, այլ ավելի են ուզում խեղդել Հայաստանին. փորձագետ

««Թրամփի ուղին», որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են ասում, լուրջ վտանգ է Հայաստանի համար»,- RegionsTV -ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ և անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը: Նրա խոսքով՝ ոչ թե ճանապարհը, այլ երկրի անվտանգությունն է զիջվել, Բաքուն այդ ճանապարհով կարող է տեղափոխել այն, ինչ ցանկանա, և դա վերահսկել հնարավոր չի լինելու։
Փորձագետը վստահ է՝ այդ ճանապարհը անցնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքով, բայց չի գործելու մեր ինքնիշխանության ներքո: Նրա խոսքով՝ կեղծ են նաև պնդումները, թե Հայաստանն այսպիսով ապաշրջափակվում է։
«Ճիշտ հակառակը, Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իրենք հենց հիմա կառուցում են Կարս-Նախիջևան երկաթգիծը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են կառուցում, եթե կա Կարս – Գյումրի, Գյումրիից դեպի Երասխ-Նախիջևան ճանապարհը։ Վաղն էլ դա կարող են գործարկել, իրենք նախընտրում են Հայաստանին հնարավորություն չտալ, որպեսզի արտաքին երկաթգծերը աշխատեն․ սա նշանակում է՝ իրենք գնում են ոչ թե ապաշրջափակման, այլ ավելի են ուզում խեղդել Հայաստանին»,- նշեց Մանվելյանը: