«Ծայրաստիճան անընդունելի է նոր Սահմանադրության օրակարգը, քանի որ այս իշխանությունը ընդունակ չէ հայամետ ու որակյալ փաստաթուղթ մատուցել»․Գոհար Մելոյան | Region

«Ծայրաստիճան անընդունելի է նոր Սահմանադրության օրակարգը, քանի որ այս իշխանությունը ընդունակ չէ հայամետ ու որակյալ փաստաթուղթ մատուցել»․Գոհար Մելոյան

Սեպտեմբեր 24,2025 12:39

«Նիկոլ Փաշինյանը ունի խնդիր նոր Սահմանադրություն ընդունելու։ Նոր Սահմանադրության օրակարգը դեռ նախորդ տարվա հունվարին մեր երկիր բերեց թշնամի պետության նախագահ Իլհամ Ալիևը, երբ հերթական հարցազրույցներից մեկում նշեց, թե խաղաղության պայմանագիրը չի ստորագրի, մինչև Հայաստանի Հանրապետությունը չփոխի իր Սահմանադրությունը, որն ըստ Ալիևի, տարածքային պահանջներ է ներկայացնում իրենց պետությանը»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Գոհար Մելոյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ Ժողովրդավարության հայկական ֆորումում վարչապետը հայտարարել է, որ «Ռեֆորմների ռեֆորմը, որ պետք է անենք, դա նոր Սահմանադրության ընդունումն է, որն, ի դեպ, նաև օրգանական կապ պետք է ստեղծի ժողովրդի և իրավակարգի միջև»։ Ըստ Փաշինյանի՝  նոր Սահմանադրության ընդունումը ժողովրդավարության զարգացման ճանապարհին ամենակարևոր բարեփոխումը պետք է լինի։

Հիշեցնենք նաև, որ Բաքուն 2020 թվականի պատերազմից հետո պարբերաբար հայտարարում է, թե ՀՀ Սահմանադրության նախաբանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Խոսքը ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղման մասին է։

Պաշտոնաան Երևանը մշտապես պնդում էր, որ ՀՀ Սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշված է, «Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում»։

Գոհար Մելոյանը հիշեցրեց՝ սահմանադրական փոփոխությունների խնդիրը իշխանությունների  օրակարգում է 2018 թվականից, բայց դրա հրատապ անհրաժեշտության մասին խոսվել է միայն Բաքվի հայտարարություններից հետո։

Ընդ որում, ինչպես նշում է սահմանադրագետը, պրոցեսը ուղեկցվել է բազմաթիվ իրավախախտումներով.

«Երկու անգամ ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, երկու անգամ էլ խախտվել են դրա գրծունեության ժամկետներն ու սկզբունքները։ Առաջինը կազմալուծվեց հետպատերազմյան շրջանում, դրանից հետո կազմավորվեց երկրորդ հանձնաժողովը, որով հայեցկարգի և սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետը սկզբում մինչև 2024 թվականն էր։ Այս ժամկետները ևս բավական երկար ժամանակ մնացին խախտված, մինչև վարչապետի որոշմամբ սահմանվեցին նոր ժամկետներ՝ մինչև 2026 թվականը։ Այս պարագայում կարևոր է խոսել նաև սահմանադրական բարեփոխումների կարևորագույն դրույթների մասին՝ Վենետիկի հանձնաժողովն ամրագրել է հանրային հաշվետվողականությյունը, հրապարակայնությունն ու ներառականությունը։ Ի հակառակ այս պահանջների, այսպիսի փակ, մեկուսացված սահմանադրական բարեփոխումների գործընթաց  մենք ողջ ՀՀ պատմության ընացքում չենք ունեցել»։

Գոհար Մելոյանը վստահեցնում է, իշխանությունները չունեն բովանդակային տեսլական, նրանց կողմից սկսված գործընթացը ունայն է։ Բացատրում է. «2018 թվականից ի վեր օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխությունները, շուրջ 2 տարի օրակարգում ունենալով նոր Սահմանադրության ընդունումը, իշխանությունը գեթ մեկ թղթին տրված սահմանադրական դրույթ հանրությանը չի մատուցել։ Մինչ օրս դաշտում միայն մեկ մասնագիտական հարց է հնչել, որը վերաբերում է Սահմանադրությունից կայուն մեծամասնության համակարգի վերացմանը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը՝ «Այսօրվա Հայաստանի իրավակարգը նույնքան ատելի է Հայաստանի ժողովրդի համար, որքան ատելի է եղել Խորհրդային միության, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, Պարսկական կայսրության կողմից պարտադրված իրավակարգը», Մելոյանն ասաց․«Ոչ ոքի համար էլ արդեն նորություն չէ, որ Փաշինյանը նման մանիպուլյատիվ և սուր եզրույթաբանությամբ փորձում է  շեղող իրավիճակ ստեղծել հանրության շրջամում, այդկերպ արդարացնելով հետագայում իր կողմից նախատեսվելիք գործընթացները»։

Նրա խոսքով՝ նման իրավիճակներում, երբ պետությունը վերջին 7 տարիների ընթացքում անցել է պատերազմների միջով, կրկնապատկել է արտաքին պարտքը, և կրել տարածքային կորուստներ, միակ անհրաժեշտությունը երկրում կայունության ապահովումն է․«Իշխանությունը պետք է երաշխավորի կայուն համակարգ, որպեսզի հնարավոր դառնա հետագա պետական գործընթացների բարեհաջող իրականացումը։ Ինձ համար ընդհանրապես կիսելի չէ, ծայրաստիճան անընդունելի է նոր Սահմանադրության օրակարգը, քանի որ այս իշխանությունը ընդունակ չէ հայամետ ու որակյալ փաստաթուղթ մատուցել»։

Փաշինյանը երեկ նաև նշել է, թե «․․․ժողովրդավարությունը Հայաստանում իդեալական չէ, քանի որ  մենք ապրում ենք Ստալինի եւ Բրեժնեւի ստեղծած հայրենասիրության մոդելներով․․․Այսօր Հայաստանում ցանկացած մարդ կարո՞ղ է իր տեսակետը հայտնել ցանկացած բանի մասին, Հայաստանում մամուլը գործում է ազատորեն․․․»։

Այս առնչությամբ էլ Մելոյանն ասաց․«Փաշինյան և ժողովրդավարություն բառերը հակասում են միմյանց, և երբ Փաշինյանը խոսում է ժողովրդավարության մասին, դա զավեշտի է վերածվում, որովհետև իր կառավարման շրջանում, լրատվությունը, խոսքի ազատությունն ու տեղեկատվական ազատության իրավունքը ամենաշատն են սահմանափակվել ու խոցվել: Իր իշխանության օրոք մենք ամենամեծ թվով քաղբանտարկյալներն ունենք, ու կրկին խոսքի ազատության իրացման հիմքով: Նա ՀՀ միակ ղեկավարն է, ով բացահայտ կերպով ոտնահարել է իշխանության տարանջատման ու  օրինականության սկզբունքները: Հրաժարվել է միջազգային պայմանագրերում ՀՀ-ի ստանձնած պարտավորվածությունների իրականացումից, այդպիսով նվազեցնելով ՀՀ-ի միջազգային հեղինակությունը: Այս բոլոր գործընթացների համատեքստում պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեզ հսկայական քայլերով հետընթաց է «պարգևել» նույն ժողովրդավարական արժեքների մոտարկումից»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ