Զբոսաշրջային Գյումրիի հակառակ կողմը. անտեսված թաղամասեր

Զբոսաշրջային Գյումրի այցելած հյուրերին լրիվ այլ տրամադրություն է համակում, երբ նրանք ծայրամասային թաղամասեր են այցելում։ Այդ հատվածներում էլ ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցներ կան, բայց անտեսված ու մոռացված են, ինչպես տեղի բնակիչները։ Խոսքը Սավոյան փողոցի և հարակից «Շատրվան» կոչվող թաղամասի մասին է, որտեղ շենքեր չեն կառուցվում։ Այս թաղամասում միայն տնակներ են՝ տարիների անտարբերության լուռ վկաները։
Մարզային ու քաղաքային իշխանությունների բարեկարգման կամ ասֆալտապատման ծրագրերում Սավոյան փողոցը երբևէ չի եղել։ Այն տասնյակ տարիներ անանցանելի գոտի էր։ Միակ երթուղայինի՝ 14 համարի վարորդները տարիներ շարունակ իրենց միջոցներով էին այս փողոցը հարթեցնում, երթևեկելի դարձնում, բայց նրանք էլ հոգնեցին անտարբերությունից ու մի քանի տարի հրաժարվում էին այս փողոցով երթևեկել։ Հիմա թաղամաս մտնում են, բայց այլ ճանապարհով։
Իշխանություններն իրենց անտարբերությունը շարունակում են արդարացնել բյուջետային սահմանափակումներով ու ծրագրային առաջնահերթություններով։ Իսկ մինչ 1988թ.-ի երկրաշարժը այս տարածքը բարեկարգ էր։ 1984 թ.-ին շահագործված «Բարեկամության» շատրվանն ընդամենը 4 տարի գործեց, երկրաշարժից հետո այն թալանվեց, տարածքն էլ ամայի վայրի վերածվեց։
Մանրամասները՝ տեսանյութում: