ԱԺ-ն առանց ընդդիմության ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում 64 կողմ, 0 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Ընդդիմությունն այս քննարկմանն ու քվեարկությանը չմասնակցեց։ Ըստ ընդդիմության՝ «հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։ Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին»:
Նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա ՔՊ-ի անունից հայտնեց, որ խմբակցությունը կարծում է, որ պետք է հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին՝ ամրապնդելու և զարգացնելու հաստատված խաղաղությունը, ապա ընթերցեց երկու երկրների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարությունը:
Հայտարարությամբ նշվում է․«ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, ընդգծելով խաղաղության հաստատման կարևորությունը ՀՀ զարգացման և հարատևության համար, հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա՝ աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրին:
Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրումը և ստորագրմանն ուղղված ջանքերը:
Կարևորում է ձեռք բերված համաձայնությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով: Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը ՀՀ-ի համար միջազգային և ներպետական հաղորդակցության, փոխադարձ առավելություններով:
Առանցքային է համարվում, որ ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով:
Քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, ՄԱԿ կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը:
Վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա:
Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար:
Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է ՀՀ կենսական շահերից, և որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ:
Ամփոփելով՝ կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»։