Դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները․ հայտարարություն | Region

Դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները․ հայտարարություն

Հոկտեմբեր 03,2025 15:42

Հայաստանի Կոմունիստական կուսակցության` Գյումրի քաղաքի ավագանու խմբակցության հայտարարությունը․

«2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Գյումրի քաղաքի քաղաքապետի հասցեին երկրի վարչապետի կողմից հնչեցրած սպառնալիքները, «քաղաքական գործիքներով» քաղաքական հետապնդումը թեժացնելու խոսույթը՝ ուղիղ հանձնարարական էր իրավապահ մարմիններին՝ քաղաքական հաշվեհարդար սկսելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ:

Արձանագրենք, որ երկրի վարչապետի՝ Գյումրու քաղաքապետի դեմ ռեպրեսիաների նոր ալիքը, կապվում է Վարդան Ղուկասյանի արտահայտած քաղաքական դիրքորոշման՝ Հայաստանի և Ռուսաստանի, ոչ թե ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի խորացման հետ:

Հարկ է նշել, որ որպես քաղաքական գործիչ, Վարդան Ղուկասյանն արտահայտել է իր կարծիքը՝ հիմնավորելով այն պատմական փաստերով և մարտահրավերներով:

Ուստի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից, Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը՝ խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի:

ՀՀ վարչապետը պետք է գիտակցի, որ ինքը՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ գյումրեցիների կողմից մերժված, ջախջախված ուժի առաջնորդն է:

Ընտրությունների արդյունքները որևէ մեկի, այդ թվում՝ որևէ պետական մարմնի կողմից չեն վիճարկվել և չէին կարող վիճարկվել:

Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից:

Հանգիստ թողե’ք

ԳՅՈՒՄՐԻՆ, ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԵՎ ԸՆԴՈՒՆԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։

Նորություններ