«Կատարվողը նման է ինչ-որ կրկեսի։ Նայեք տեսախցիկները, կարդացեք շրթունքներով, ես այդպիսի բան չեմ ասել»․Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր ու Ուսմանե Նդոնգի միջև եղած միջադեպը | Region

«Կատարվողը նման է ինչ-որ կրկեսի։ Նայեք տեսախցիկները, կարդացեք շրթունքներով, ես այդպիսի բան չեմ ասել»․Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր ու Ուսմանե Նդոնգի միջև եղած միջադեպը

Հոկտեմբեր 06,2025 16:30

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը վերջին օրերին չի հանդարտվում:

«Իմ հասցեին հնչող մեղադրանքները անհիմն են, պատրաստ եմ ապացուցել ցանկացած եղանակով»,-հայտարարում է ֆուտբոլիստը տելեգրամյան իր ալիքում  հրապարակված տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Կրասնոդար»-«Ախմատ»  (2-0) հանդիպման ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել տանտերերի կիսպաշտպանի և մրցակցի սենեգալցի ֆուտբոլիստ Ուսմանե Նդոնգի միջև: Հանդիպման 85-րդ րոպեին սենեգալցի կենտրոնական պաշտպանը հեռացվել էր խաղադաշտից՝  Էդուարդ Սպերցյանի դեմքին հարվածելու համար:

Հանդիպումից հետո «Ախմատի» պաշտպանը հայտարարել էր, թե Էդուարդ Սպերցյանը հանդիպման ընթացքում ռասիստական բնույթի արտահայտություններ է արել իր հասցերին, ասելով «փակիր բերանդ, սև կեղտ», ինչի պատճառով էլ հարվածել է վերջինիս:

Այս խոսակցություններից հետո ռուսական լրատվամիջոները գրեցին, որ եթե Հայաստանի ազգային հավաքականի ավագի նկատմամբ մեղադրանքները հաստատվեն, վերջինս կարող է որակազրկվել մինչև 10 խաղով ու տուգանքով, համաձայն Ռուսաստանի ֆուտբոլի միության կանոնագրքի 1-ին հավելվածի 44-րդ կետի:

Սպերցյանը պնդում է, թե  նման բան չի ասել Նդոնգին․«Նայեք տեսախցիկները, կարդացեք շրթունքներով, պոլիգրաֆը ևս խնդիր չէ: Ես վստահ եմ ինձ վրա, իմ խոսքերի վրա, և գիտեմ, որ այդպիսի բան չեմ ասել»։

Մեր հավաքականի ավագը ստեղծված իրավիճակը ծիծաղելի է համարել, վստահեցնելով, որ նման անձնական վիրավորանք իրեն երբեք թույլ չի տա.«Ես մեծացել եմ Կովկասում, գիտեմ բոլոր հասկացություններն, ու ճիշտ դաստիարակություն եմ ստացել իմ ծնողներից: Շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ ամբողջ աշխարհում, որոնց հետ կապի մեջ եմ և շփվում եմ: Կատարվողը նման է ինչ-որ կրկեսի: Որոշեցի կիսվել ձեզ հետ, քանի որ այս մասին հիմա շատ են գրում: Իմացեք, որ ես վստահ եմ իմ խոսքերին, պատասխանատու եմ իմ խոսքերի համար, ու պատրաստ եմ ամեն ինչի»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ