44-օրյա պետարազմում անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Սարգսյանը ձերբակալվել են

44-օրյա պետարազմում անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանին և Ապիջան Սարգսյանին ձերբակալել են։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Ուզունյանը, որի որդին՝ Դավիթ Ուզունյանը զոհվել է 44-օրյա պատերազմում։
Նա հայտնեց, որ Ղուկասյանին և Սարգսյանին ձերբակալել են սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ։ ՊՆ շենքի անցակետի մոտ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ցույցի էին անում, ոստիկանները փորձել են ազատել տարածքը, որի ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել։ Այդ օրը, ինչպես նախորդող օրերին ծնողները պահանջում էին հանդիպում ՊՆ երեք պաշտոնյաների հետ։
Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը նախ տեղափոխվել են Նոր Նորքի բաժանմունք, ապա, ինչպես Ուզունյանն ասաց, այնտեղից էլ տեղափոխում են Երևանի Աջափնյակի դատարան։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
«Կարած գործեր են, անհիմն մեղադրանքներ են։ Ամեն ինչ անում են, որպեսզի ծնողներն այլևս բան չպահանջեն, չբողոքեն, ցույցեր չանեն։ Ծնողներին ուզում են լռեցնել»,-պնդեց Ուզունյանը։ Նա հերքեց իրավապահների այն հայտարարությունը, թե միջադեպի օրը ծնողները ջրի շշեր են նետել ռազմական ոստիկանության ներկայացուցիչների ուղղությամբ։
«Սուտ է, նման բան չի եղել։ Ի՞նչ շիշ։ Տեսանյութը կա, ինչ-որ մեկին կպե՞լ է այդ շիշը։ Ինչ տեսել ենք, սովորել ենք։ Եթե շպրտել էլ ենք․․․ափսոս, ցավում եմ, որ ես չեմ շպրտել։ Հաջորդ անգամ ես էլ կնետեմ»,-ասաց Ուզունյանը՝ նկատի ունենալով, որ խորհրդարանում էլ պատգամավորներն են շշեր նետում իրար վրա։
Պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում, պատրաստվում են գնալ Աջափնյակի դատարանի մոտ՝ ցույցի։