Ծանրամարտի ԱԱ․ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն
Հոկտեմբեր 11,2025 19:45

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը տղամարդկանց գերծանր (+110 կգ) քաշային կարգում մրցահարթակ դուրս եկավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը։
Լալայանը պոկեց 206 և 211 կգ․ այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Լալայանը բարձրացրեց 245 և 250 կգ՝ այս վարժությունում ևս զբաղեցնելով առաջին տեղը։
Երկամարտի 461 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռը երկամարտում գրանցեց 447 կգ արդյունք (պոկում` 205 , հրում` 242 կգ)։