Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը․Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպում-քննարկմանը ներկա է եղել նաև Արմեն Գրիգորյանը

Երևանում հոկտեմբերի 21–22-ը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում քննարկումը։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն ի տարածած հաղորդագրության համաձայան, այս հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«2025 թ․ հոկտեմբերի 21–22-ին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում։
Հայկական կողմից քննարկմանը մասնակցեցին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացնում էին Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան և Դիլարա Աֆանդիևան։
Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի և դարձավ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։
Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակմանը և հեռանկարներին։
Այցի շրջանակում մասնակիցները հանդիպեցին Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Մասնակիցներն ընդգծեցին հասարակական լայն խմբերի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և մեդիայի ներգրավման կարևորությունը։
Հանդիպման ավարտին խումբը հաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ նախաձեռնությունները, որոնք միտված են փոխըմբռնման խորացմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,-նշված է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի հաղորդագրությունում։