Հաստատված խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի կարիք․ Փաշինյան
«30 և ավելի տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական մակարդակում, բայց խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում, և այդ առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Հետևաբար, այս տրամաբանությունը պարբերաբար արտահայտվում է ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում, արտահայտվում է մամուլում, հանրային, փորձագիտական շրջանակներում, ու անգամ երկրների առաջնորդների մակարդակով, դրա հետ պետք է հարաբերվենք: Դա հնարավոր է կանգնեցնել քաղաքական առաջնորդությամբ»։
Այս մասին «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչն ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից՝ չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող, նշանակում է չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»,- նշեց Փաշինյանը:
