Իրանը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան
«Կենտրոնական Ասիայի երկրները Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող նախագծերի, «Խաղաղության խաչմերուկ»-ի և TRIPP-ի առաջնային շահառուների ցանկում են»,-Օրբելի վերլուծական կենտրոնի համաժողովում ունեցած իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կենտրոնական Ասիայի և հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հանագործակցությանը վերաբերող հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանը և Ղազախստանը ԵՏՄ անդամ երկրներ են, այնուամենայնիվ, փոխադարձ առևտրաշրջանառությունը չի համապատասխանում ԵՏՄ-ի տրամաբանությանը, և էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։
«Պատճառը հաղորդակցության արագ և էժան ուղիների բացակայությունն է։ Ճիշտ է, այդ ուղիները կան, բայց դրանք երկար են և թանկ։ Այս օրերին նշված համագործակցությունների արդյունքում Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, որովհետև վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան տարանցման բոլոր սահմանափակումները։ Շատերը ասում են, որ այս պրոցեսները հակասում են ԵՏՄ շահերին, բայց այն, ինչ-որ այս համաձայնություններից առաջ հնարավոր չէր երկու ԵՏՄ անդամ երկրների միջև, հնարավոր դարձավ Վաշինգտոնյան համաձայնության արդյունքում և դրանից հետո։ Սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել։ Սա ճանապարհ է Հայատանի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու համար»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև համագործակցության, այդ թվում երկաթուղային կապի ապահովման շուրջ, և երկաթուղու կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի հետ։
Նա անդրադարձավ նաև այն մտահոգություններին, թե այս պամանավորվածությունները կարող են չհամապատասխանել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի շահերին․
«Համագործակցությունների իրականացման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ։ Էականորեն կմեծանան նաև Վրաստանի տարանցիկ հնարավորությունները՝ Սև ծով և Պարսից ծոց ուղղություններով։ Նաև երկաթուղային կապի հնարավորություն կունենա դեպի ՌԴ։ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն երկարաժամկետ խաղաղության և կայունության գործոն է, այդ թվում Կենտրոնական Ասիայի երկրների համար»։
Նիկոլ Մարգարյան
