«2019-ին Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ չի կարող և չի լուծի ԼՂ հարցը․«եթե դա անեմ, ինձ կսպանեն»․Բայրամովը փակագծեր է բացում Փաշինյան-Ալիև 2019-2020-ի բանակցություններից | Region

«2019-ին Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ չի կարող և չի լուծի ԼՂ հարցը․«եթե դա անեմ, ինձ կսպանեն»․Բայրամովը փակագծեր է բացում Փաշինյան-Ալիև 2019-2020-ի բանակցություններից

Նոյեմբեր 08,2025 12:33

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ադրբեջանական ITV-ին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններից։

«Բանակցությունները երկար ժամանակ ձգձգվում էին, և ես կարծում եմ, որ բանակցությունների որոշակի պահի հայ նախկին ղեկավարների հետ իրական արդյունքի հասնելու հավանականությունը գործնականում զրոյական էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականին որոշակի հույս արթնացրեց։ Նա նոր մարդ էր, հին թիմի մաս չէր»,-ասել է Բայրամովը։

Նրա խոսով՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջին շփումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում․«Այնտեղ տեղի ունեցավ չնախատեսված, ոչ պաշտոնական հանդիպում, որը տևեց մեկ ժամից ավելի։ Այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը, դիմելով Փաշինյանին, ասաց՝ «մենք պետք է լուծենք այս հարցը։ Սա չի կարող անվերջ շարունակվել, մենք դա չենք ընդունի։ Մենք կարող ենք այստեղ ամեն ինչ քննարկել, կարող ենք ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, բայց Ադրբեջանի օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն»։ Նիկոլ Փաշինյանի սկզբնական արձագանքը բավականին կառուցողական էր։ Նա ասաց՝ «Ես հենց նոր ժամանեցի, դժվար ժամանակներ եմ ապրում, ինձ ժամանակ է պետք։ Եվ ես կձեռնարկեմ բոլոր քայլերը այս հարցը լուծելու համար։ Բայց ես նաև դժվարություններ ունեմ, այդ թվում՝ լարվածություն սահմանին, շփման գծում։ Կա դիպուկահարների կրակ։ Ձեր բանակը շատ ակտիվ է։ Եթե դուք նվազեցնեք այս ակտիվությունը, դա մեծապես կօգնի ինձ»։ Եվ հենց Դուշանբեում նախագահ Ալիևը հանձնարարեց Պաշտպանության նախարարությանը՝ լիակատար լռություն և կայունություն բոլոր ուղղություններով, և նույնիսկ մյուս կողմից խախտումների դեպքում՝ անհապաղ արձագանք չլինի»։

Բայրամովը հիշեցրել է, որ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև ևս մեկ հանդիպում․«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխել էր իր դիրքորոշումն ու տոնը։ Նա բացահայտ հայտարարեց, որ չի կարող և չի լուծի ԼՂ հարցը, նույնիսկ պնդելով, որ եթե դա անի, «ինձ կսպանեն»։ Այնուհետև նա հռետորականորեն հարցրեց նախագահ Ալիևին՝ «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանե՞ն»։ Ի պատասխան Ադրբեջանի նախագահն ասել է, որ չի ուզում, որ որևէ մեկը սպանվի։ Սակայն դա ոչ մի կերպ չի նշանակում, որ ադրբեջանական հողերը կմնան օկուպացիայի տակ»։

Ապա Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է՝ մարտի 30-ին այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանը ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», իսկ 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ղարաբաղը Հայաստան է»։
Բայրամվոը նաև հիշեցրել է 2020 թվականի հուլիսի տավուշյան դեպքերը, դրանք որակելով սադրանք․«Հուլիսի 23-ին Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացի համար առաջ քաշեց յոթ լրացուցիչ պայման։ Այս բոլոր յոթ լրացուցիչ պայմաններն անընդունելի էին։ Ես, իհարկե, կառանձնացնեմ դրանցից միայն մեկը. եթե Ադրբեջանը ցանկանում է ընդհանրապես քննարկել այս հարցը, ապա պետք է բանակցի ոչ թե Հայաստանի, այլ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» հետ։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է երկարատև բանակցային գործընթացի ոչնչացում։ Լարվածություն կար օդում։ Ակնհայտ էր, որ դա միայն ժամանակի հարց է։ Բոլոր մյուս մեթոդներն արդեն սպառվել էին»։

Նորություններ