Մանվել Պետրոսյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն
Մանվել Պետրոյսանը ոսկե մեդալ նվաճեց Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում: 63,5 կգ քաշային եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտեց Եգոր Կոզորեզովի հետ եւ հաղթեց 3:2 հաշվով:
Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը վստահ էր մենամարտում: Դիպուկ հարվածների շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը առավելություն ստացավ: Մրցավարներն այս առունդում հաղթանակը տվեցին Մանվել Պետրոսյանին:
Երկրորդ ռաունդն ավելի լարված ստացվեց: Մանվել Պետրոսյանը բացարձակ առավելությամբ հաղթեց այս ռաունդում: Բոլոր մրցավարները հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին: Մանվել Խաչատրյանին տրիբունաներից աջակցում եւ խորհուրդներ էր տալիս ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հիմնականում պաշտպանվում էր, երբեմն հակահարվածներ հասցնում: Երրորդ ռաունդում էլ մրցավարները հաղթանակը շնորհեցին Մանվել Պետրոսյանին: Ռուս բռնցքամարտիկն ու երկրպագուները դժգոհ էին մրցավարների որոշումից:
Մանվել Պետրոսյանը Երեւանում անցկացվող Մ-23 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալակիրն է տղամարդկանց պայքարում:
Կեսօրի մրցահերթում Մ-23 Եվրոպայի չեմպիոնի կոչում էր նվաճել կանանց հավաքականից 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Անաստասիա Ալեքսեևային։
Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից երեքն արդեն նվաճել են արծաթե մեդալներ:
48 կգ քաշային Թումաս Թովմասյանը եզրափակիչում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Մուշեղ Բայանդուրյանին:
54 կգ քաշային Սուրեն Ռուբենյանը նույնպես բավարարվել է արծաթե մեդալով: Եզրափակիչում զիջեց ռուսաստանցի Անդրեյ Օսիպյանին:
60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը 0:5 հաշվով պարտություն կրեց ռուս Խամզատ Մատիեւից:
Հայաստանի հավաքականի կազմում եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարեն նաեւ Արես Հակոբյանը (67 կգ), Հարություն Հակոբկոխյանը (71կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) եւ Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ):
