«Ասե՞լ են, որ ուրիշ ցորեն է գալիս, բայց մեկ այլ ցորեն է եկել»․փոխնախարարը Ադրբեջանով ՀՀ ներմուծած 4-րդ կարգի ցորենի մասին
Ղազախստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան ներմուծված ցորենի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Պարզվում է, որ ներմուծված այդ ցորենը 4–րդ կարգի է։ Մինչդեռ կառավարության ներկայացուցիչները նախապես այդ մասին չեն հայտարարել։
Այսօր խորհրդարանում լրագրողները էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են 4-րդ կարգի ցորեն ներմուծել։
«Դա նշանակում է, որ էդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության համար»,-այսպես պատասխանեց փոխնախարարը։
Լրագրողների դիտարկմանը՝ նախարարությունը նախապես չի հայտարարել, որ անասնակեր է ներմուծվում, քանի որ հասարակության շրջանում մեծ ոգևորություն կար, մարդիկ կարծում էին, թե հացի գնի վրա դրական ազդեցություն կլինի, փոխնախարարն ասաց. «Ասվել է, որ ցորեն է գալիս, չի նշվել՝ ինչպիսի ցորեն։ Ասե՞լ են, որ ուրիշ ցորեն է գալիս, բայց մեկ այլ ցորեն է եկել։ Միայն ասել են, որ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը ցորեն չի՞։ Կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ որ բան չի տալի՞ս՝ կաթ կամ միս։ Ինչի՞ պետք է նախապես նշվեր, թե ինչ որակի ցորեն է։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է։ Հիմա թե այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Բայց պարզ է, չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է ու դա լավ է։ Հնարավոր է՝ գնիջեցում լինի, հնարավոր է՝ տարբեր բաներ։ Ո՞նց եք կարծում, այդ ցորենը, որ եկել է, պետք չի, ուղղակի եկե՞լ է»։
Դիտարկմանը, որ նման աղմուկ չէր լինի, եթե հասարակությունը նախապես տեղյակ լիներ, որ անասնակեր է ներմուծվում, Զաքարյանը պատասխանեց․«Աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին էր։ Չգիտեմ՝ ում կողմից, բայց ոչ կառավարության կողմից, իսկ դիվերսիֆիկացիան, որ եղել է, շարունակվում է լինել, լավ է։ Ի սկզբանե, բոլորն էլ ասում էին, որ հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է»։
Մեկ այլ դիտարկմանը՝ օրակարգ էր ստեղծվում, որ հնարավոր է հացի գինն իջնի, իսկ նախարարությունը չէր արձագանքում, որ սա հացի գնի հետ կապ չունի, Զաքարյանը պատասխանեց․«Հացի գնի հետ կապված, կարծեմ, հարց եղել է, այդ հարցին պատասխանվել է, որ հացի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան և միայն ճանապարհը չի։ Ուստի այս պահին ոչ թե կոնկրետ այս դեպքը, այլ դիվերսիֆիկացիան է, նայած, թե ինչ չափով կազդի հացի գնի վրա»։
Փոխնախարարը վստահեցրեց, որ Ռուսաստանից ներմուծվող ցորնեն արդեն նորմալ ցորեն է։
