Կարապետյանների ընտանիքը դիվիդենտ է ստանալու մեր խնայողությունների արդյունքում․ Ռոմանոս Պետրոսյան | Region

Կարապետյանների ընտանիքը դիվիդենտ է ստանալու մեր խնայողությունների արդյունքում․ Ռոմանոս Պետրոսյան

Նոյեմբեր 13,2025 17:14

ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու վերաբերյալ ՀԾԿՀ այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները միաձայն մերժեցին «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչների՝ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ ներկայացնելու միջնորդությունը։

«Տաշիր» ընկերության իրավաբան Վարդան Ալոյանը միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց՝ Մեսրոպ Մեսրոպյանը բազմիցս ասել է, որ հանդիսանում է քաղաքական գործիչ և  ակտիվ գործունեություն է ծավալել ավելի քան 20 տարի։

«Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Հատկանշական է նաև, որ վերջինիս առաջադրմամբ գործընթացի օրենքի 7-րդ հոդված 3-րդ մասի մասով ՀԾԿՀ  նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը  պատկանում էր կառավարությանը։ Սակայն նրա  առաջադրելու որոշումը կայացել էր «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության վարչության նիստում՝ իր մասնակցությամբ։ Վերոնշյալ տեղեկությունների հարցում կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում ՀԾԿՀ  նախագահ, հանձնաժողովի անդամ ՝ Մեսրոպ Մեսրոպյանի համար։ Քանզի դրանցով առնվազն ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող  իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»,- հայտարարեց իրավաբանը։

Նիստի ընդմիջման ընթացքում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու այս գործընթացը սահամանդրական է, ասաց․«Քանի դեռ սահմանադրական դատարանը չունի կայացրած վճիռ, ոչ մեկ իրավունք չունի ասել, որ սա սահմանադրական գործընթաց չէ։ Ես վստահ եմ, համոզված եմ, որ սա օրենքի շրջանակում է և քանի դեռ սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել, մենք պետք  սպասենք»։

Հարցին՝ արդյոք ամոթ չէ, որ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հաշվին 5.2 մլն դրամ աշխատավարձ է ստանում, Պետրոսյանն ասաց․« Այն, թե ինչ աշխատավարձ եմ ստանում, իմ անձնական գործն է»։

Նա վստահեցրեց, որ ինքն ու իր թիմը կամավոր հրաժարվել են տասնյակ միլիոնավոր դրամների չափով պարգևավճարներից, որոնք ստանում էին հեռացվածները․« Ես նրանց համար հարյուրավոր միլիոն դրամների խնայողությունների գնման գործընթացների արդյունքում, ներդրումային ծրագրի իրականացման մատակարարումների գործընթացների  թափանցիկությունը  ապահովելու արդյունքում, ինչպես նաև միջին ու վերին օղակներում մարդկանց  շրջանառության դեմ պայքարելով ահռելի խնայողություններ եմ արել, որոնք վերջնարդյունքում դառնալու էին շահույթ և դրա շահութահարկը վճարելով Կարապետյանների ընտանիքը դիվիդենտ է ստանալու»։

Հիշեցնենք, որ օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարրակել էր ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին որոշման  նախագիծը, ըստ այդմ՝ հանձնաժողովը մի շարք խախտումներին հղում անելով՝ մտադիր է դադարեցնել ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։

Նորություններ